Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» լի է Արցախ այցելածների անուններով

Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։ Այս մասին ադրբեջանական haqqin.az պորտալի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նշվում է, որ Արցախ այցելածների թվում առանձնանում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինան (Չեխիա):

Պորտալը հիշեցնում է, որ հենց Շտետինան է եղել Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով հասարակական լսումների նախաձեռնողը, որի հարևանությամբ նստած է եղել ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի հիմնադիր Էմին Միլլին, իսկ Բաքվից սկայպով ելույթ է ունեցել լրագրող Խադիջա Իսմայիլովան։

Նշվում է, որ Արցախի հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն անցկացնելու նպատակով այնտեղ էին ժամանել ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ» ֆորումի անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպես Գոլդարասենը, Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դե Պատուլին, Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզան, բուլղարացի քաղաքագետ Գեորգի Կոլարովը, Բասկերի երկրի ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտը, բասկերի «Ազգային կուսակցության» քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիան, Ֆրեզնոյի վարչական շրջանից Անդրեաս Բորգեասը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեն Տեոխարիուսը (Կիպրոս), Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ընտրությունների ղեկավարման հետազոտական կենտրոնի ղեկավար Կարին Մակ-Դոնալդը և այլք։

Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն զբաղվում է «վերջին օրերին օտարերկրացիների՝ ադրբեջանական օկուպացված տարածքներ այցելությունների հարցով», և քանի որ այդ մարդկանց մեծ մասի անունները արդեն եղել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», այն համալրվել է ընդամենը մի քանի անունով։

Տեսանյութեր

Լրահոս