38 հարկ վճարողներ արդեն «օրինապահի» կարգավիճակ ունեն (ցանկ)
Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. փետրվարի 28-ին մեկնարկել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երկրորդ փուլը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 18 տնտեսվարողի:
«Նպատակը, մի կողմից՝ օրինապահ հարկ վճարողների համար վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մյուս կողմից՝ ցույց տալը, որ օրինապահ հարկ վճարողներն ունեն պետության, տվյալ դեպքում, ՊԵԿ-ի աջակցությունը»,-ընդգծել է Կ. Բրուտյանը:
Հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո՝ երկու օրվա ընթացքում, հավաստագրի ստացման դիմում ներկայացրած 26 հարկ վճարողից 18-ը բավարարել են չափանիշներին: Իսկ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 86 տնտեսվարողներ, որոնցից 38-ի դիմումը բավարարվել է, 13-ինը՝ մերժվել, իսկ 35 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Կարեեն Բրուտյանը հայտնել է, որ հավաստագրի հանձնման գործընթացը պարզեցվելու է. «Մեկ անգամ դիմում ներկայացնելուց և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալուց հետո, եթե տնտեսվարողի վարքագծում բացասական փոփոխություն չկատարվի, ապա հավաստագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի»:
Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերության տնօրենի տեղակալ Մերուժան Միքայելյանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը հաջողված է համարում. «Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված այս քայլն ընկերության իմիջի, հեղինակության բարձրացմանն է նպաստում: Արդյունքում սոցիալական միջավայրում ավելի ճանաչված ենք դառնում՝ որպես պետության, հասարակության հանդեպ ազնիվ մեթոդներով գործող ընկերություն»: Աուդիտորական կազմակերպության փոխտնօրեն Վարդան Մարությանի դիտարկմամբ, հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո տնտեսվարողների շրջանում ոգևորությունն աճել է. «Ողջունելի է, որ գործընթացը մեծ թափով շարունակվում է, և հուսանք՝ Հայաստանում գործող տնտեսվարողների գերակշիռ մասը կլինի օրինապահ՝ իրական վարքագծով: Դա կթեթևացնի և՛ տնտեսվարողի, և՛ հաշվապահի, և՛ պետության հոգսը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»:
Հիշեցնենք, որ կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագիր է հանձնել առաջին 20 օրինապահ հարկ վճարողներին՝ շնորհակալություն հայտնելով օրինապահ գործընկեր լինելու համար:
Ներկայացնում ենք օրինապահ հարկ վճարողների ցանկը
- «ՔԱՅԼ ՄԱ» ընկերությանը
- «ՏԱՍՄԵԴ» ընկերությանը
- «ԱՅՍՈՖՏ» ընկերությանը
- «ՄԱՐՆԱՐ» ընկերությանը
- «ՅԱՆ ՎԱՐԴՅԱՆ» ընկերությանը
- «ՆՈԲԻԼԻՍ» ընկերությանը
- «ՏՈՆՏՈՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ» ընկերությանը
- «ԷԼ ՎԻ ԹՐԵՅԴԻՆԳ» ընկերությանը
- «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ընկերությանը
- «ԲՈՒԿԻՆԻՍՏ» ընկերությանը
- «ՄԵԴ-ԱՆ ԹՐԱՍԹ» ընկերությանը
- Անհատ ձեռնարկատեր ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳԱՆՅԱՆԻՆ
- Անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
- «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ընկերությանը
- «ՄԱՆՈՒՍԿՐԻՊՏ» ընկերությանը
- «ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆ» ընկերությանը
- «ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ընկերությանը
- «ԱՎԵՆԻՂ» ընկերությանը