«Մեծ զոհեր կունենանք, եթե չսթափվենք». Վովա Վարդանով

«Պատերազմը 1989 թվականի աշնանից սկսվել է ու չի վերջացել, բայց զոհերի ամենամեծ քանակն ունեցել ենք 1993-1994 թվականներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Նա նշեց, որ սկզբում պաշտպանվում էինք, հետո սկսեցինք հարձակողական մարտեր, որոնք բերեցին Քարվաճառի, Ջրականի և մյուս շրջանների ազատագրման: Նրա խոսքով՝ 1993 թվականի աշնան վերջին որոշեցինք պաշտպանական մարտեր անել, որովհետև մարդկային, ինչպես նաև զենք-զինամթերքի ռեսուրսները թույլ չէին տալիս շարունակել ու ավելի մեծ տարածքներ յուրացնել, որի ժամանակ մենք ամենաշատ զոհն ունեցանք:

«Պաշտպանական մարտերը քիչ զոհ են բերում այն դեպքում, երբ հակառակորդը «դուզգյունի» զենք-զինամթերք չունի: Մենք միշտ թերագնահատում ենք հակառակորդին, բայց նրանք այսօր մինչև 155 միլիմետրանոց արկեր են արտադրում: Իսկ մենք որոշ մարդկանց թեթև ձեռքով գրեթե ոչինչ չենք արտադրում, սակայն, փառք Աստծո, նրանք հեռացվեցին ՊՆ-ից»,- նշեց Վ. Վարդանովը:

Նրա խոսքով՝ մեր պաշտպանական գիծը լավն է, սակայն հուսալի գիծ չի դառնում. «Մեծ զոհեր կունենանք, եթե չսթափվենք: Սահմանամերձ գյուղերի բնակիչները, մեծից փոքր, պետք է պատրաստի ռեզերվ լինեն»:

Կարդացեք նաև

Վ. Վարդանովը նշեց, որ Ադրբեջանը չունի այն մոտիվացիան, որը մենք ունենք. «Մենք չենք ուզում ոչնչանալ, իսկ իրենք հետ քաշվելու տեղ ունեն, չեն ոչնչանա: Մենք ունենք ապրելու ցանկություն, մենք ավելի կայուն զորամասեր ենք ունենում, իսկ իրենք հեշտությամբ հետ են քաշվում»:

Վ. Վարդանովը կարծում է՝ ընտրություններին հնարավոր է՝ խառնաշփոթ իրավիճակներ լինեն, հակառակորդը գայթակղվի, որ կարող է ձեռբերումներ ունենալ առաջնագծում. «Մարտի մեկի դեպքի ժամանակ իրենք 2 դիրք են գրավել, 1996 թվականին որոշակի առաջխաղացման փորձ են արել: Եթե ընտրություններից հետո լարվածություն լինի, դա կարող է բերի նրան, որ թուրքը կարող է դրանից օգտվել ու համարել հարմար պահ»:

Տեսանյութեր

Լրահոս