«Ընտրություններ են, դրանք շատ լուրջ մի ընդունեք, որովհետև նույն բաներն են ասում անընդհատ». Արմեն Ռուստամյան
«Ընտրություններ են, դրանք շատ լուրջ մի ընդունեք, որովհետև նույն բաներն են ասում անընդհատ: Մի՛ տրվեք էդ բաներին: Սրանք ընտրական պրոցեսներ են, գագաթնակետին են հասնում սուտն ու կեղծիքն ընտրությունների ժամանակ, ինչպես որսի ժամանակ: Դեռ էնքան բան կասեն սուտ ու փութ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետզրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով ընտրական գործընթացների ու բախումների մասին:
Ըստ նրա` այդպիսի էլեկտորատ ոչ մի քաղաքական ուժ չունի, որ մեծամասնություն կազմի և իշխանություն ձևավորի. «Որևէ մեկը չի կարող այսօր հավակնել միանձնյա մեծամասնություն ունենալու, որովհետև հիմնական հարցը, որ մենք լուծել ենք, ընտրությունների վրա ազդող, կանխորոշող, իշխանությունների վերարտադրման մեքենան է քանդվել»:
Ռուստամյանի խոսքով` նախկինում բազմակի, նաև բացակաների տեղը քվերակություն էր լինում: Նրա կարծիքով` ընտրողի գիտակցությունը կփոխվի, քանի որ այսօր ընտրողն ընտրությունները դիտում է փող աշխատելու միջոց և ինքն է փնտրում կաշառք տվողներին. «Պետք է հասկանան այս ընտրություններից հետո, որ ինչ ստանում են, դա դառնում է իրենց գինը և հետո կորցնում են իշխանություն ձևավորելու իրական հնարավորությունը»:
Հարցին` արդյոք ՀՅԴ-ն պատասխանատվություն է կրո՞ւմ նաև ՀՀԿ-ի օլիգրախիկ ցուցակի ու ռեյտինգային թեկնածուների միջև բախումների համար, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ քաղաքական պատասխանատվության հարցը պետք չի չափազանցնել, դրանից չի բխում, որ իրենք նաև ՀՀԿ-ի ցուցակները պետք է կազմեն.
«Մենք դաշինքով չենք գնում, բացարձակապես պատասխանատվություն չենք կրում իրենց ցուցակի համար»:
Նա չցանկացավ խոսել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում երեկ ՀՀԿ թեկնածու Բազմասեր Առաքելյանի և ՀՅԴ թիմակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ Աղվան Վարդանյանի խոսքերին ավելացնելու ոչինչ չունի:
Ա.Ռուստամյանը նշեց, որ այս ընտրություններում ընտրակաշառք շատ կօգտագործվի, որովհետև ընտրատեղամասերում կեղծիքների հնարավորություն չկա: Ըստ նրա` ընտրակաշառքը բաժանում են հիմնականում նույն օրը. «Մենք ընտրակաշառք եթե բաժանած լինեինք, իշխանություն կլինեինք»: