«Վերջին մեկ ամսում ՀՀ-ի ավելի քան 7000 քաղաքացի հաշվառման հին տեղից դուրս է եկել և հաշվառվել է նոր վայրում». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց հրատապ փոխել ներկայիս Ընտրական օրենսգիրքը (ԸՕ): Նա նշեց, որ պատերազմող երկրի համար ճոխություն է նման ԸՕ ունենալը:

«Եթե այդտեղ ինչ-որ քննարկելու հարց կա, խնդրեմ, առանձին քննարկենք: Բայց հայացքների տարբերություններ կան»,- ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ ինքը և Նիկոլ Փաշինյանն առավոտյան եղել են դատապարտյալների հիվանդանոցում և տեսակցել են «հաց բերող» Արթուր Սարգսյանին. «Նա 17 օր գտնվում է հացադուլի մեջ, շատ ծանր վիճակում է: Նրա կյանքը փոխելու հետ կապված միակ ձևը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն, և, եթե պատգամավորները, մեր գործընկերները հիմա կցանկանան, կարող են միանալ, ներկայացնենք գլխավոր դատախազին խափանման միջոցը փոխելու համար, որի արդյունքում՝ այդ մարդու կյանքը կփոխվի»:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ինքը հարցում է արել Հայաստանի ոստիկանությանը, և ստացել է պատասխան, որ հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ավելի քան 7000 քաղաքացի հաշվառման հին տեղից դուրս է եկել և հաշվառվել է նոր վայրում. «Սա արտառոց բան է, մանավանդ որ, շարունակվում են ահազանգերը վարչական լծակների գործադրման մասին: Եթե ահազանգերի և այս պրոցեսը շարունակի ծավալվել, դա կարող է ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կտրուկ սրել, և հետագա պրոցեսների պատասխանատվություն էլ կընկնի գործող իշխանության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս