«Լարսի անցակետի այլընտրանքի հարցը ռիսկ է Վրաստանի համար»

Հարցազրույց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի  հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանի հետ

– Պարոն Ստեփանյան, փետրվարի 23-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա այցը Վրաստան, որի շրջանակում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ ՀՀ վարչապետը հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ցանկանում է` Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ն դիտարկեն` որպես երկիր, որտեղ կարելի է ներդրումներ անել։ Ըստ Ձեզ` ի՞նչ հեռանկարներ ունի հայ-վրացական համագործակցությունն այս հարցում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և Վրաստանի ասոցիացումը ԵՄ-ի հետ, ինչը տնտեսական տարբեր կարգավորումներ է ենթադրում։

– Առաջին հերթին` կարծում եմ, որ հիանալի նախաձեռնություն է` կոչ անել կողմերին ներդնել միջոցներ Հայաստանում և Վրաստանում փոխադարձաբար։ Վրաստանից ներդրումների ամենափոքր ծավալն ուղղվում է դեպի Հայաստան, ուստի այս հորդորը շատ տեղին է, հայաստանյան ուղղությամբ ներդրումային ակտիվություն պետք է խթանել։ Միևնույն ժամանակ` Հայաստանի համար ևս շատ կարևոր պետք է լինի Վրաստանի տնտեսական կայունությունը, քանի որ Վրաստանը և՛ աշխարհաքաղաքական, և՛ աշխարհագրական առումով խաղում է կարևոր դերակատարություն Հայաստանի համար։

Բնականաբար, Վրաստանի կայունության համար հայկական կողմից ներդրումները ևս պետք է նպատակներից մեկը լինեն հայկական կողմի։ Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների համադրելիության, զարգանալու հեռանկարների մասին խոսել ենք դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր, իսկ Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այս երկու ուղղություններն էլ բավականին հետաքրքիր մեխանիզմներ են ենթադրում, որոնք կարող են օգտագործվել երկու երկրների կողմից, և մասնակիորեն այդ մեխանիզմներն արդեն կիրառվում են, թեև դրանց կիրառման ողջ ծավալից դեռ հեռու ենք։ Այսինքն` դեռ այդ հարաբերությունները բարձրացված չեն անհրաժեշտ մակարդակին։

Կարդացեք նաև

Որքանով ինձ է հայտնի, հայկական արտահանումը դեպի Ռուսաստան ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո ավելացել է 40 %-ով, և տրամաբանական կլիներ ենթադրել, որ այն արտադրանքը, որը Հայաստանից արտահանվում է դեպի Ռուսաստան, ոչ միայն հայ բիզնեսմենների ներդրումն է, այլև միջազգային, իսկ այստեղ վրացական բիզնեսի չափաբաժինը մեծ չէ։ Ես կարծում եմ, որ միգուցե այս հեռանկարը հետաքրքրի վրացական բիզնեսին, քանի որ ռուսական շուկան միշտ է հետաքրքիր եղել վրացի գործարարների համար` հասկանալի պատճառով, ուստի, եթե գտնվեն ճիշտ բանաձևեր` ինչպես առաջ մղել վրացական արտահանումը դեպի Ռուսաստան` ստեղծելով համատեղ ձեռնարկություններ Հայաստանում, եթե այդ ֆորմուլան կոնկրետ օրինակներով ապացուցի իր արդյունավետությունը, ապա դա թույլ կտա առաջ մղել այս հարցը և վրացական բիզնեսը ներգրավել դեպի Հայաստան։

Ներկայումս որոշակի զգուշավորություն է առկա, քանի որ Հայաստանը, հայաստանյան շուկան վրացական բիզնեսի կողմից լավ ուսումնասիրված չէ, և, բնականաբար, եթե լինեն տեսանելի օրինակներ, այսինքն` օրինակների տեսանելի պատկերներ, ապա կարծում եմ, որ վրացի գործարարները մեծ ոգևորությամբ կմիանան այս թեմային։ Կցանկանայի պարզապես նշել` ցանկալի կլիներ, որ նման հանդիպումների ընթացքում առանձնակի կարևորություն տրվեր հանդիպումներին, քննարկումներին փորձագիտական հանրության հետ, որոնք կարող են ներկայացնել հայ-վրացական հարաբերությունների շատ ավելի լայն համատեքստ, միայն հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներն արդյունավետ չեն։

– Ո՞ր կողմի մեղքն է, որ դաշտը լավ ուսումնասիրված չէ։ Ինչո՞վ է պայմանավորված այդ զգուշավորությունը։

– Մի քանի պատճառ կա։ Առաջինն այն է, որ Վրաստանում բիզնես սկսելը, իրականացնելն ավելի հեշտ է, քան Հայաստանում։ Մարդիկ փորձում են հենց այստեղ գումար ներդնել և չգնալ այլ երկիր, դա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլև մեր այլ հարևաններին։ Երկրորդն այն է, որ Հայաստանը վերջերս է միացել Եվրասիական տնտեսական միությանը, լուրջ բիզնես զարգացնելու համար ժամանակ է անհրաժեշտ, մի քանի ամսում նման գործեր սկսելն ու կազմակերպելն անհնար է։ Այն մարդիկ, ովքեր իրականացնում են և հաջողում, մանր բիզնեսի ոլորտում են գործում, դրանք մեծ ներդրումներ չեն։ Իսկ լուրջ ներդրումները հեշտ ու կարճ ժամանակում չեն կազմակերպվում, մինչ դա վրացի գործարարները պետք է ուսումնասիրեն բոլոր հնարավորությունները։

Երրորդ հիմնական պատճառն այն է, որ ՀՀ բիզնես միջավայրն ավելի վատ պայմաններ է ենթադրում, քան վրացականը։ Բնականաբար, մարդիկ փորձում են հենց այստեղ` Վրաստանում, համագործակցել ու հայացքն ուղղել դեպի Եվրոպա, Ռուսաստան, նույնիսկ հասկանալով, որ որոշակի տոկոսներ են կորցնում ռուսական շուկայում, բայց ռիսկերն ավելի քիչ են, ուստի դեռ Հայաստան այդքան էլ մեծ ոգևորությամբ չեն գնում, կարծում եմ` պետք է ցույց տալ օրինակներ գործնականում։ Բառերը, ցանկությունները, իհարկե լավ են, բայց պատկեր է անհրաժեշտ։ Եթե դա չլինի, չեմ կարծում, թե վրացական բիզնեսը մուտք գործի Հայաստան։

– Այցից առաջ, ինչպես և վերջին տարիների ընթացքում, ակտիվորեն քննարկվում է դեպի Ռուսաստան նոր ուղու հնարավորության հարցը, ինչն այլընտրանք պետք է դառնա Լարսի ճանապարհին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի արդյունքում պարզ է դարձել, որ կողմերը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ։ Կարապետյանը, սակայն, չի բացել փակագծերը։ Որքանո՞վ է իրատեսական այս հարցի կարգավորումը մոտ ապագայում։

– Այս հարցում ամենահետաքրքրված կողմերը, բնականաբար, Ռուսաստանն ու Հայաստանն են, ամենաքիչը դրանով հետաքրքրված է Վրաստանը։ Ես չէի ասի, որ չկա հետաքրքրություն, բայց այն ավելի քիչ է, քան Հայաստանում և Ռուսաստանում։

Պետք է հասկանալ նաև, որ այս հարցն այն լծակներից մեկն է, որի միջոցով Վրաստանը երկխոսում է Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի մասով։ Երկրները որոշումներ են կայացնում առաջին հերթին` ելնելով իրենց առաջնային շահերից։ Եթե Վրաստանի համար շահավետ լինի այլընտրանքային ճանապարհը քաղաքականապես, ապա Վրաստանը դա կդիտարկի, իսկ եթե ոչ` չի դիտարկի, քանի որ այստեղ Վրաստանն ավելի շատ կորցնում է, քան շահում։ Քաղաքական մակարդակում բանակցություններն ընթանում են։ Նույնիսկ արդեն սկսել են խոսել որոշակի տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ևս ազդանշան է այն մասին, որ տեղաշարժ կա, բայց կանխատեսել և մոտակա ապագայի համար ամսաթվեր նշելն անիրատեսական է։

– Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս անցակետը, ըստ որոշ վերլուծաբանների, լծակ է նաև Ռուսաստանի ձեռքին, այդ թվում` Հայաստանի դեմ, Ռուսաստանը որքանո՞վ է հետաքրքրված այլընտրանքով։

– ՌԴ-ն, իհարկե, հետաքրքրված է ոչ միայն այն պատճառով, որ այդ ճանապարհը գալիս է դեպի Վրաստան, այլև Հայաստան, դրան գումարած այն հանգամանքը, որ ՌԴ-ն հետաքրքրված է Վրաստանի հետ ճանապարհ ունենալու հարցով, քանի որ շատ լավ գիտենք, որ Վրաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ նոր տեսություններ Ռուսաստանը չի հորինելու, տնտեսական ոլորտում փորձելու է ավելի շատ ներդնել Վրաստանում զբոսաշրջիկների միջոցով, վրացական արտադրանքը ռուսական շուկա մտցնելու միջոցով և այլ ուղղություններով։

Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար։ Կառավարությունը ևս դա շատ լավ է հասկանում, ուստի բոլոր հարցերը, որոնք առնչվում են այս հարցին, կքննարկվեն հազար անգամ` մինչ վերջնական որոշման կայացումը։ Ուստի դեռ հստակություն, չեմ կարծում, թե կա այս հարցում։

Տեսանյութեր

Լրահոս