«ԵՄ-ն երբեք պաշտոնական գնահատական ԸՕ-ին չի տվել». Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին՝ ակտիվ քննարկվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրել մինչև խորհրդարանական ընտրությունները, և հնարավո՞ր է, որ քաղաքական համագործակցությունը պատճառ դառնա, որ ԵՄ-ն աչք փակի ընտրակեղծիքների վրա` հաշվի առնելով, որ ՀՀ ԵՄ ասոցիացման քննարկման ընթացքում ընտրությունները եղան խոշոր խախտումներով, սակայն ԵՄ-ն այն մի քայլ առաջ ընտրություն որակեց, ասաց, որ եթե շրջանակային համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, շատ ավելի ամուր հիմք կտա՝ քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, քանի որ համաձայնագիրը լրացուցիչ դրույթներ է պարունակում, որոնք վերաբերում են ընդհանուր արժեքների հիմքին:
«Այնպես որ, եթե համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, այն հնարավորություն կտա ընտրության ընդհանուր ստանդարտների մասով ավելի խորը երկխոսության մեջ ներառվել ու կառավարության հետ քննարկել: Չեմ կարող հետ գնալ, դատողություններ անել կամ խոսել, թե ինչ է կատարվելու Հայաստանում ընտրություններից հետո, բայց կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք դրական սցենարի վրա, քննարկում ենք, թե ինչ նոր հնարավորություններ կբացվեն ՀՀ-ի համար, եթե ընտրություններն անցկացվեն ավելի բարձր մակարդակով:
Անկեղծ ասած` մեզ համար կարևոր են քաղաքացիական կարծիքները, քանի որ կարևոր է, թե հասարակ հայերն ինչպես են վերաբերվում ընտրություններին: Մենք ընտրությունների մասով մեր դատողություններն անում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության տված գնահատականներով»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով են օժանդակում «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությանը:
Դեսպանն ընդգծեց՝ ամենակարևոր գործոնը, որը որոշում է ընտրությունների քաղաքական ընկալումը այն է, թե որքանով է բնակչությունը հավատում, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում են մարդկանց քաղաքական նախասիրությունները. «Սա մեր քաղաքական գնահատականն է, որը մեկ-երկու օրում չէ ի հայտ եկել, սա քաղաքական գործընթաց է, ոը կապված է վստահության քաղաքականության հետ: ՀՀ-ն գտնվում է շրջադարձային փուլում, և նրան լավ ընտրություններ են պետք, որովհետև ապագայում շատ բաներ կախված են լինելու այս ընտրությունների որակից:
Այս հայտարարությունները մենք լուրջ ենք ընդունում, մենք օժանդակում ենք, որովհետև մեզ հրավիրել են: Հայերը ցանկանում են շատ ավելի բարձր մակարդակի ընտրական գործընթաց, և մենք օժանդակում ենք: Սակայն նշեմ, որ հիմա այն իրավիճակը չէ, ինչ 10 տարի առաջ, չենք կարող նախորդ ընտրությունների փորձը փոխանցել 2017 թվականի ընտրությունների սցենարին»:
Հարցին՝ ԵՄ կառույցներն ԸՕ-ին, որտեղ կա ռեյտինգային ընտրության համակարգը, դրական գնահատական տալիս հաշվի առե՞լ են հայկական մենթալիտետը, չէ՞ որ այսօր արդեն իսկ միջկուսակցական վեճեր են լինում ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների միջև, իսկ ԵՄ-ն կարևորում է հավասար մրցակցությունը, դեսպանն այսպես պատասխանեց. «ԵՄ-ն երբեք պաշտոնական գնահատական ԸՕ-ին չի տվել, մենք մեր կարծիքը հիմնել ենք ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի տված գնահատականների վրա: Կարող ենք ասել, որ նախագծի առաջին հրապարակումից հետո կան որոշակի տարրեր, որոնք բարելավել են: Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովը ծավալուն քննարկումներ է ունեցել իշխանությունների հետ, հատկապես Արդարադատության նախարարության, մանրամասն ներկայացվել են առաջարկները, որ կան դժգոհություններ լրատվամիջոցների և դիտորդական առաքելություն իրականացնողների սահմանափակումների մասին:
Ներկայացվել է, որ հասարակության և ընդդիմության մոտ կա քննադատություն, բողոքում են, որ ռեյտինգային ընտրակարգն առավելություն է տալիս իշխող կուսակցությանը: Սակայն կարծում եմ` սա ՀՀ-ի ներքին բանավեճի հարցերն են, մենք, որպես այդպիսին, դատողություն չունենք»: