«Ինչ արեցինք՝ իշխանությունը չվերանայեց իր այդ դրույթները». Լևոն Բարսեղյան
«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ Լուսինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության (www.citizenobserver.am) գործունեության և դրա շրջանակներում դիտորդ դառնալու հնարավորությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունները բացահայտելու նպատակով ստեղծված համակարգի, քվեարկության օրվա անելիքների և խախտումների քարտեզի մասին, ասաց, որ նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թվականին՝ դիտարկելու Երևանի ավագանու ընտրությունները, և այդ ժամանակ իրենք կարողացել են ներգրավել մոտ 200 դիտորդ ու արձանագրել բավական լուրջ արդյունքներ:
«Դրանից հետո դիտարկել ենք գրեթե բոլոր ՏԻՄ ընտրությունները, մինչդեռ նախկինում երբեք դիտորդական առաքելությունների համար դրանք ուշադրության չեն արժանացել: 2015 թվականի դեկտեմբերին մենք ունեցել ենք բավական մեծ ներգրավում՝ 1000-ից ավելի դիտորդի կազմով դիտարկել ենք հանրաքվեն: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այս նախաձեռնությունը դիտորդությունը հասցրել է լրիվ այլ որակի ու մակարդակի: Անգամ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԺՀՄԻԳ-ը, իրենց զեկույցներում հղում են անում մեր փաստարկներին, դիտարկումներին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի դիտորդություն են անելու «2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:
Նրա խոսքով՝ այդ ծրագրի արժողությունը 460 հազար եվրո է, որից 370 հազարը ԵՄ ներդրումն է կազմում. «Ծրագրի նպատակն է՝ ազատ և արդար ընտրությունների ապահովումը Հայաստանում: Այդ նպատակին հասնելու համար մենք նախատեսել ենք մի շարք գործողություններ. դիտորդների վերապատրաստումներ ենք անցկացնում ամբողջ հանրապետության տարածքում»:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իշխանությունները սահմանափակումներ մտցրին ԶԼՄ-ների նկատմամբ՝ ընտրությունների օրը լուսաբանելու մասով. «Այդպիսի բան այս 25-26 տարում չէինք ունեցել, բայց այս անգամ, չնայած բազմաթիվ հորդորներին, քննադատություններին, իշխանությունը որոշեց, որ ԶԼՄ-ները կարող են հավատարմագրված ունենալ ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչ: Սրա հետ մեկտեղ՝ սահմանափակվեց տեղամասերում դիտորդների և ընտրողների ընդհանուր թիվը, այսինքն՝ հնարավորություն տրվեց տեղամասային հանձնաժողովին՝ ցանկացած պահի այդ թիվը սահմանափակել 15-ով:
Եվ կարող է ստացվել այնպիսի իրադրություն, երբ պարզվի, որ մեր դիտորդները տեղամասում 16-րդն են, և հանձնաժողովի 2/3-ի որոշմամբ և իրենց համոզմամբ՝ նրանք կարող են խոչընդոտներ ստեղծել՝ քվեարկության ընթացքի հետ կապված, ու արգելվի 16-րդ դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի մասնակցությունը: Այս ռիսկերը դրվեցին ԸՕ-ի 31-րդ և 65-րդ հոդվածներում: Ինչ արեցինք՝ իշխանությունը չվերանայեց իր այդ դրույթները՝ ոչ մի հիմնավորում չունենալով»:
Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների քվեարկության ժամանակ միանգամից 40-60 լրատվամիջոցներ են ներկա լինում. «Սրա հետ մեկտեղ՝ իշխանության ներկայացուցիչներն ԸՕ-ով սահմանեցին խտրականություն. վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների համար այդ սահմանափակումը չի գործում, այլ գործում է միայն թերթերի և ինտերնետային լրատվամիջոցների համար: Այս տեսակ ռիսկերի պայմաններում ենք դատապարտված իրականացնել այս առաքելությունը»: