«Նման հայտարարություն անողները պետք է ուղեղները մի փոքր աշխատեցնեն». Լևոն Զուրաբյանը` Սամվել Բաբայանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում արձագանքել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից մնացած բոլոր քաղաքական ուժերը իշխանությունների հետ պայմանավորվել են ապագա խորհրդարանում իրենց տոկոսների վերաբերյալ:

«Գիտեք, երբ մարդիկ նման բաներ են խոսում, պետք է մի փոքր ուղեղներն աշխատեցնեն: Այստեղ շատ հստակ տրամաբանություն պետք է գործի: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մենք 4+4+4 ձևաչափով  բանակցությունների արդյունքում հասանք պատմական հաջողությունների: Մենք հասանք նրան, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ստորագրված ցուցակները, 1500 տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանվելու է, և ուղիղ հեռարձակում է լինելու այդ ընտրատեղամասերից»,- նշեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ այս ամենն էականորեն նվազեցրել է ընտրակեղծիքների հնարավորությունները: «Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունները մեր ջանքերի արդյունքում մի վիճակում են հայտնվել, որ պետք է մտածեն իրենց ձայների մասին, այլ ոչ թե խորհրդարանում իրենց համար հաճելի ընդդիմությանը տեղ հատկացնելու մասին»,- մանրամասնեց Զուրաբյանը:

Նա չբացառեց, որ ընտրությունների արդյունքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չի հայտնվի խորհրդարանում, սակայն չբացառեց նաև, որ կարող են այնպիսի հաջողություն արձանագրել, որը բոլորին կզարմացնի: «Սակայն հավելեմ, որ խորհրդարանում չհայտնվելը մեզ համար  ողբերգություն չի լինի: Ես ունեմ շատ այլ հետաքրքրություններ, որոնցով կարող եմ զբաղվել այն դեպքում, եթե մենք չլինենք ապագա խորհրդարանում»,- նշեց Լ. Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Պատգամավորը հավելեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի մանրամասները դեռ մշակված չեն, սակայն նշեց, թե մի վայրկյան կասկած չունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ մասնակցություն կունենա քարոզարշավին:

Տեսանյութեր

Լրահոս