«Սամվել Բաբայանը սիրում է ստվերային գործունեություն ծավալել ու լավ կիմանա՝ ստվերում ով ինչ է պայմանավորվում». Արայիկ Հարությունյան
«Բոլոր քաղաքական ուժերը կարող են իրենց դիրքն ընդգծելու համար նման կարծիք հայտնել, ես համակարծիք չեմ, որ միայն Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն է միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժը, որը հավակնում է լինել ընդդիմություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Արտակ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը միակն է, որի վրա իշխանությունը վերահսկողություն չունի:
Ա. Սարգսյանի խոսքով՝ նրանք, ովքեր իշխանության մաս չեն, ընդդիմություն են դե յուրե:
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էլ ասել էր, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։ Այս առնչությամբ Ա. Սարգսյանն ասաց. «Եթե գիտի՝ Դաշնակցության տոկոսն ինչքան է կամ իրենց տոկոսն ինչքան է, թող հնչեցնի՝ տեսնենք»:
«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ անիմաստ է արձագանքել անհեթեթ հայտարարություններին. «Օրինակ, երբ քեզ, ասենք, մեղադրում են կոկորդիլոս լինելու մեջ, արդարանալ, որ դու կոկորդիլոս չե՞ս: Մանավանդ Սամվել Բաբայանին, որը սիրում է ստվերային գործունեություն ծավալել ու լավ կիմանա՝ ստվերում ով ինչ է պայմանավորվում»: