«Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի համար հզոր մահակ է` ընդդեմ Թուրքիայի. ԱՄՆ-ը չի ցանկանում զրկվել այդ մահակից»
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի (Ռուսաստան) հետ
– Պարոն Գալստյան, The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ը ռազմական դաշինք է պլանավորում ստեղծել Իրանի դեմ, և, որ այդ դաշինքի մեջ կարող են մտնել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հորդանանը. արաբական մյուս երկրները նույնպես կարող են միանալ դաշինքին։ Սա ի՞նչ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, և ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա։
– Եթե նման դաշինքի կազմավորումն իրականություն դառնա, ապա, իհարկե, դա միայն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա, որովհետև մենք գիտենք, որ հայ-իրանական սահմանը բաց է, որ հայ-իրանական հարաբերությունները շատ կարևոր են` ռազմավարական, գեոստրատեգիական, գեոպոլիտիկ առումներով։ Տարածաշրջանի կայունությունը, ընդհանուր առմամբ, կախված է նրանից, թե ինչպես է Իրանն ընդհանուր լեզու գտնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ, որքանով է այդ լեզուն խաղաղ։
Իրականում, ԱՄՆ-ի ներկայիս ադմինիստրացիան, նոր նախագահ Թրամփն ինչ-որ աստիճանով բավականին կոշտ են տրամադրված Իրանի նկատմամբ, բայց դա անակնկալ չէ։ Վերցնենք Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման տարիները. 8 տարվա ընթացքում Բուշ կրտսերն ասում էր, որ Իրանը սպառնալիք է, բազմիցս հայտարարություններ են արել, որ հարվածներ են հասցնելու Իրանին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ի դեպ, առաջինը, ով մտածել է` միավորել արաբական պետությունները` ընդդեմ Իրանի, հենց Բուշի կառավարման տարիների նրա աշխատակազմն էր։ Այսինքն` սա նոր կոնցեպտ չէ, այն միշտ էլ գոյություն է ունեցել, բայց դրա հետ մեկտեղ` կա շատ հստակ պրագմատիկ սառը հաշվարկ. Իրանի հետ պատերազմելու որևէ սցենար չկա ԱՄՆ-ում, որովհետև Իրանն Իրաքը չէ։
Չի կարելի հենց այնպես մտնել Իրան, գահընկեց անել ինչ-որ ղեկավարի և փորձել ինչ-որ կերպ այն ժողովրդավար դարձնել, փորձել այնտեղ սեփական ռազմավարական գիծը ներդնել, որովհետև, ամեն դեպքում, Իրանը տարածաշրջանում գերիշխող դիրք ունի։ Իրանը պետություն է, որն ունի շատ ուժեղ դիվանագիտություն, որն ունի շատ լուրջ քաղաքական և տնտեսական ռեսուրսներ, և, որ ամենակարևորն է` ունի շատ լուրջ հետախուզություն, կապեր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Այս բոլոր օբյեկտիվ փաստերը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ առաջիկա 4 տարիներին ԱՄՆ-ը փաստացի չի փորձի թեժացնել իրավիճակը։ Բայց հռետորաբանության առումով` իրավիճակը կփոխվի, կհնչեն ավելի ագրեսիվ հայտարարություններ, Թրամփը հետևողականորեն կասի, որ Իրանը սպառնալիք է։
Այսինքն` հանրապետականները` որպես Մերձավոր Արևելքում Իսրայելի, Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունների լոբբիստներ, կասեն այն, ինչ ցանկանում են լսել նրանց տարածաշրջանային գործընկերները, որովհետև Օբամայի կառավարման շրջանում այդ գործընկերները նման խոսքեր չեն լսել։ Ավելին, նրանք ականատես եղան Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ջերմացմանը, պատժամիջոցների չեղարկմանն ու երկարաժամկետ միջազգային համաձայնագրի ստորագրմանը։ Եվ դա նրանց վախեցնում է։ Հիմա նրանք պահանջում են ադմինիստրացիայից` ապացուցել, որ քաղաքականությունն այլ կլինի, և անխոս, Թրամփը ստիպված է անել նման հայտարարություններ, եթե անգամ ինքը դրանց չի հավատում։ Դա ուղղակի անհրաժեշտություն է։
Բայց արաբական աշխարհում եղած անհամաձայնությունները (օրինակ` Սաուդյան Արաբիայի և Քաթարի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի) այնքան ուժեղ են, որ հնարավոր չէ նրանց միավորել` ընդդեմ Իրանի։ Բացի դրանից, կա նաև շիական գործոնը, և Իրանը կարող է դա ևս օգտագործել։ Այսինքն` այստեղ գործիքները ոչ միայն ԱՄՆ-ի ձեռքերում են, այլ նաև` Իրանի։ Հետևաբար` հռետորության մակարդակում ամեն ինչ ագրեսիվ տեսք կունենա, համարյա` պատերազմին հասնող, բայց կա շատ հստակ քաղաքականություն, որը վարում են ԱՄՆ-ի գեներալները, ռազմագետները, որոնք գիտեն, թե ինչ թանկ կնստի իրենց վրա պատերազմը, և արդյո՞ք այն իրենց ընդհանրապես պետք է։ Ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոնները հստակ վերլուծում են, որ հիմա պատերազմը ոչ մի առումով ձեռնտու չէ։
– Իսկ այս կոնտեքստում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորում հնարավո՞ր է. Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ այս կամ այն պայմանի կատարման դեպքում` Ռուսաստանի վրայից պատժամիջոցները կհանվեն։
– Հենց սկզբից Թրամփի ադմինիստրացիայի շուրջ ինչ-որ պատրանք ստեղծվեց, թե այն Ռուսաստանի հանդեպ բարյացակամ տրամադրվածություն կունենա։ Որտեղի՞ց եկավ այդ ամենը. նրանից, որ, օրինակ` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակեցին Մայքլ Ֆլինին, իսկ նա անձնապես ծանոթ էր Ռուսաստանի նախագահին, մասնակցություն էր ունեցել ինչ-որ միջոցառումների։ Նա նաև ինչ-ինչ հայտարարություններ էր արել, թե պետք է չեղարկել պատժամիջոցները, պետք է առաջ շարժվել, համագործակցել Ռուսաստանի հետ` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։
Թրամփի նշանակումն էլ ինչ-որ դիրքորոշում ձևավորեց այն մասին, որ ուր որ է` ռուս-ամերիկյան հարաբերություններում ջերմացում կսկսվի։ Բայց առաջին` Թրամփն այս պահին լուրջ դաշնակիցներ չունի, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսություն սկսի, և երկրորդ` Մայքլ Ֆլինը, որը գուցե միակ հաղորդակցման միջոցն էր` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, հեռացվել է։ Ի դեպ, նա հեռացվել է հենց Ռուսաստանի հետ կապ ունենալու համար։ Այսինքն` ադմինիստրացիայի միակ մարդը, որ կարող էր զբաղվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման լոբբինգով, հեռացվել է։ Իսկ Կոնգրեսում նման մարդիկ չեն էլ եղել։
Նույն հանրապետականները Կոնգրեսի ներսում տրամադրված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանն ու ավելի հստակ որոշումների ընդունմանը։ Հանրապետականներն ու դեմոկրատները միակարծիք են այս հարցում, նրանք կարծում են, որ Ռուսաստանի դեմ պետք է ավելի կոշտ ու հետևողականորեն գործել։ Եթե անգամ Թրամփը պատժամիջոցների չեղարկման ցանկություն ունենա, դա անում է Կոնգրեսը, իսկ Կոնգրեսի մեծամասնությունը պատժամիջոցների չեղարկման կողմնակից չէ։ Հետևաբար` այս հարցը փակվում է։
Ադմինիստրացիայի վերջին հայտարարությունները, թե պայմաններից են` Ղրիմը վերադարձնել Ուկրաինային, Դոնբասի հարցում զիջումների գնալ, ցույց են տալիս, որ փաստացի Թրամփը հիմա անում է նույն հայտարարությունները, ինչ արել է Օբամայի ադմինիստրացիան։
– Պարոն Գալստյան, Հայաստանի համար ինչքանո՞վ է կարևոր, որ ԱՄՆ նախագահներն արտասանեն «ցեղասպանություն» բառը։ Այն արտասանելու, ապա` ճանաչելու դեպքում, դա ի՞նչ կտա Հայաստանին։
– Ընդհանրապես ոչինչ չի տա։ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հեշտ հարց չէ, այն պետք է նայել երկու տեսանկյունից` հումանիտար և քաղաքական։ Անխոս, ամերիկահայերի մեծ մասը ձգտում է արդարության հասնել, ցանկանում, որ իրենց նոր հայրենիքը` ԱՄՆ-ը, հստակ քաղաքական, պատմական գնահատական տա այդ իրադարձություններին։ Այսինքն` բարոյական տեսանկյունից այդ մարդկանց ցանկությունը կարելի է հասկանալ։ Սա հումանիտար կողմն է։ Հումանիտար տեսանկյունից` ԱՄՆ-ը երբեք չի էլ հերքել Հայոց ցեղասպանությունը։ Բայց, երբ ի հայտ եկավ «ցեղասպանություն» բառը, առաջացավ քաղաքական ասպեկտը։ Այս հարցը քաղաքականացվեց` տարբեր պատճառներով։ Ամերիկացիներն այս հարցն օգտագործում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Հայոց ցեղասպանությունն Ամերիկայի համար հզոր մահակ է` ընդդեմ Թուրքիայի։ Երբ Թուրքիան սկսում է իրեն վատ պահել, նրանք սկսում են այդ մահակը գործի դնել` իմանալով Թուրքիայի նյարդային ռեակցիայի մասին։
Եվ քանի դեռ նրանց մոտ այդ մահակը պահպանվում է, նրանք չեն ուզում դրանից զրկվել։ Այս կոնտեքստում` Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը ձեռնտու չէ ԱՄՆ-ին` իրենց ազգային շահերի տեսանկյունից, որովհետև, եթե նրանք ընդունեն այն, կզրկվեն այդ մահակից։ Ենթադրենք` ճանաչեցին, համապատասխան օրենք ընդունվեց, Հայոց ցեղասպանության թեման փակված է, և վաղը Թուրքիան սկսում է իրեն վատ պահել, ԱՄՆ-ը ինչպե՞ս նրա վրա ազդի։
Առաջ նրանք գիտեին, որ ունեն հայկական մահակ, քրդական մահակ, հունական մահակ, և հանկարծ տեսնում են, որ ամենաէֆեկտիվը, որից թուրքերը շատ են անհանգստանում` հայկական մահակը, արդեն չկա։ Այսինքն` Թուրքիային այդ հարցով էլ չեն կարող վախեցնել, չեն կարող ստիպել Անկարային` վարել այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ է։ Իսկ քանի դեռ այդ մահակը կա, կա ճնշման գործիք։
Հետևաբար` այս իմաստով, ես ոչ մի նախանշան չեմ տեսնում, որ ԱՄՆ-ում նման օրենք ընդունվի։ Եթե անգամ նման օրենք ընդունվի էլ, այն ոչինչ չի փոխելու, որովհետև դա կլինի ներամերիկյան օրենք. օրենք, որն արտահայտում է ԱՄՆ դիրքորոշումը` կոնկրետ պատմական իրադարձության վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ այդ օրենքը կարող է ստիպել ԱՄՆ-ին` ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Իսկ Ցեղասպանության քննարկման հիմնական նպատակն այն է, որ դա ճանաչի Թուրքիան։ Ցեղասպանությունը կարող է ճանաչել 200 պետություն, բայց ինչպե՞ս դա կանդրադառնա Թուրքիայի վրա։ Այս իմաստով` անհրաժեշտ է աշխատել թուրք հասարակության հետ, այս իմաստով` Հրանտ Դինքը Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի շատ բան է արել, քան ամբողջ աշխարհի հասարակական տարբեր կառույցները։
– Իսկ Դուք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կամ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման ճանապարհներ տեսնո՞ւմ եք։
– Ես ընդհանրապես չեմ հավատում Թուրքիայի բարի մտադրություններին` կապված հայերի հետ։ Ես կարծում եմ, որ Թուրքիան ընկալում է Հայաստանին` որպես թշնամի պետություն, որ Թուրքիան հայերին համարում է իր համար վտանգավոր տարրեր։ Բացի այդ, երբ հետազոտություններ էի կատարում, տեսա, որ Թուրքիայի տարբեր նախարարությունների կայքերի «Սպառնալիքներ» բաժնում ներառված է Հայկական հարցը։ Այսինքն` մինչ օրս նրանց համար Հայկական հարցը լուծված չէ։ Հետևաբար` նրանք իրենց համար որոշակի հնարավորություններ են թողնում` մի օր փակել այդ հարցը։ Եվ ես չեմ հավատում, որ Թուրքիան բարի նպատակներ ունի` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ վարելու առումով։
Դրա համար, կարծում եմ, որ Թուրքիային պետք է զգուշորեն վերաբերվել, որ պետք է տարբեր միջազգային հարթակներում շատ հզոր լոբբինգ անել` թուրքական ամբիցաները զսպելու համար։ Մասնավորապես, դա կարելի է անել, օրինակ` ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունաստանի հետ համագործակցելու միջոցով, դա կարելի է անել ոչ թե Ցեղասպանության ճանաչման հարցի, այլ ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետաքրքրությունների լոբբինգի միջոցով։ Հայաստանի ազգային հետաքրքրությունների տեսանկյունից` դա ավելի կարևոր ու էֆեկտիվ կլինի, քան ֆրանսիացիների կամ ամերիկացիների կողմից Ցեղասպանության վերաբերյալ ինչ-որ փաստաթղթերի ընդունումը։ Այսինքն` պետք է պետական մոտեցում` տարբեր մակարդակներում, որպեսզի Սփյուռքն էլ ընդունի դա։
Այս առումով, կարծում եմ, որ հայկական արձանագրություններն ու «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասական էին, որովհետև ես ոչ մի փոփոխություն չէի սպասում։ Ով` ով, բայց մենք պետք է իմանանք և՛ Թուրքիայի մտադրությունների, և՛ հնարավորությունների մասին, ու ես չեմ կարծում, որ Թուրքիան փոխվել է, որ նա ուզում է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ վարել, որ նա մի կողմ է դրել իր պանթյուրքական, նեոօսմանական նպատակները։ Այն, ինչ հիմա Էրդողանն իրականացնում է Թուրքիայում, նեոօսմանիզմի քաղաքականությունն է։ Հետևաբար, պետք է ամեն անհրաժեշտ միջոց ձեռնարկել` ցանկացած սցենարի զարգացում կասեցնելու համար, ինչը մենք տեսել ենք մեր ամբողջ պատմության ընթացքում։
– Իսկ Հայաստանն ինչպե՞ս է ընկալվում աշխարհում կամ ինչո՞վ պետք է ներկայանա։
– Բարդ հարց է. իրականում պետք է հասկանանք, թե ինքներս մեզնից ինչ ենք ուզում, իսկ հետո դա ներկայացնենք աշխարհին։ Ամենակարևորը` ո՞րն է մեր տեղն այս աշխարհում։ Հսկայական քաղաքական քաղաքակրթված մատրիցա կա` Ռուսաստան, Ամերիկա, Իրան, Թուրքիա… իսկ որտե՞ղ ենք մենք, որտե՞ղ ենք մեզ տեսնում, ի՞նչ ենք ուզում, ի՞նչ մեծ, մեզ միավորող նպատակներ ունենք։ Միավորվելու համար մեզ շատ մեծ նպատակներ են պետք։ Ցեղասպանության ճանաչումը մեծ նպատակ չէ, դա լոկալ առաջադրանք է։ Պետք է այնպիսի մեծ նպատակներ դնենք, որ մեզ նկատեն, ու դրանց իրականացումն աշխարհին ստիպի` մեզ վրա ուշադրություն դարձնել։ Օրինակ` ինչո՞ւ նպատակ չդնենք` 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 7 անգամ մեծացնել, կամ 2030 թվականին ամբողջ աշխարհից ինչ-որ քանակության ներդրումներ ունենանք։ Սրանք այն գլոբալ առաջադրանքներն են, որ կարող են մեզ միավորել, ստիպել, որ և՛ աշխարհը մեզ այլ կերպ նայի, և՛ ինքներս մեզ այլ կերպ նայենք։ Միայն այդպես մենք կարող ենք գտնել մեր տեղն այս շատ բարդ ու քաոսային աշխարհում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: