Հայտնի է, թե երբ պատրաստ կլինի ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը
«Հյուսիս-Հարավ»-ի ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017թ. երկրորդ կեսին, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Հիմա Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք երկու էներգամիջանցք՝ դրանցից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է։ Այնտեղ ներկայումս մշակվում է տեխնիկատնտեսական հիմնավորումը, որը պատրաստ կլինի այս տարվա երկրորդ կեսին»,- հայտնել է Նովակը։
«Երկրորդը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մեր մասնագետները կհանդիպեն ու քննարկեն նախագծի իրականացումը»,- հավելել է նա։
«Հյուսիս-Հարավ» նախագծի վրա աշխատանքը, որը պետք է ունենա մինչև 1.2 ԳՎտ թողունակություն, սկսվել է 2015թ. դեկտեմբերին։
2016թ. ապրիլին 4 երկրների էներգետիկայի նախարարները Երևանում ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր։