«Ես երբեք քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ու հավակնություն չեմ ունեցել». Կարեն Կարապետյան. «Մեդիամաքս»

«Մեդիամաքսը» զրուցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

– Մարզային հանդիպումներում Դուք ասում էիք, որ ցանկանում եք «թասիբի գցել» տեղի գործարարներին, մարզային եւ համայնքային իշխանություններին: Ստացվե՞ց:

– Որոշակի իմպուլսներ կան, որոնք, սակայն, բավարար մակարդակի չեմ համարում: Համայնքային եւ մարզային իշխանություններին տվել ենք մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մշակված մեթոդաբանություն` հինգ տարվա ռազմավարական զարգացման ծրագրեր կազմելու համար: Սա չափազանց կարեւոր աշխատանք է, նույնիսկ եթե այդ ծրագրերի նախնական տարբերակները հեռու լինեն կատարյալ լինելուց:Տեղեկատվության մեծ աղբյուր է մարզերի ցուցանիշների համեմատությունը: Կարող ենք տեսնել, որ համադրելի բնակչություն եւ տնտեսական պայմաններ ունեցող մարզերում կարեւոր ցուցիչները կարող են էապես տարբերվել: Սա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Թվայնացման այս գործընթացի միջոցով մենք տեսնում ենք ցուցանիշների դինամիկան` տարի առ տարի եւ ստանում ենք այն օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա կարող ենք գնահատական տալ մարզպետի եւ համայնքապետի աշխատանքին:

– Դուք ձեզ համարո՞ւմ եք քաղաքական գործիչ:

Կարդացեք նաև

– Այսպես ձեւակերպեմ՝ աստիճանաբար դառնում եմ: Բայց ես երբեք քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ու հավակնություն չեմ ունեցել: Ասեմ ավելին, եթե մեկ-երկու տարի առաջ ինձ ասեին, որ ես քաղաքական գործիչ եմ դառնալու, դրան ժպիտով կվերաբերվեի: Նաեւ երբեք չեմ երազել վարչապետ լինելու մասին: Իրականում սա ծանր աշխատանք է, բայց ես կարծում եմ, որ այն ինձ, որպես կառավարման որոշակի փորձ ունեցող մարդու եւ ՀՀ քաղաքացու, շանս է տալիս ծառայել իմ երկրին: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղից հեռանալու մասին երբեք չմտածեն իմ զավակները եւ մեր բոլոր հայրենակիցների երեխաները:

– Օրենսդրական սահմանափակման պատճառով Դուք ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված չեք: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր մասնակցությունը քարոզարշավին:

– Ես ՀՀԿ առաջին փոխնախագահն եմ, ակտիվ մասնակցել եմ կուսակցության նախընտրական ծրագրի մշակմանը եւ մտադիր եմ մասնակցություն ունենալ նաեւ քարոզարշավին:

– Դուք ՀՀԿ-ն ներսից փոխելու, թարմացնելու նպատակ ունե՞ք:

– Ոչ թե ես ունեմ այդ նպատակը, այլ՝ ՀՀԿ-ն: Ցանկացած կազմակերպություն, անկախ նրանից, կուսակցություն է, պետական կամ մասնավոր կառույց, պարբերաբար «թարմ արյան», փոփոխվելու, ժամանակակից լինելու եւ նորովի ներկայանալու անհրաժեշտություն է զգում:

– Կան մարդիկ, որոնք ասում են, թե իրենց հիասթափեցրել է ձեր անդամակցությունը ՀՀԿ-ին: Ի՞նչ կասեք այդ մարդկանց:

– Կասեմ, որ իզուր են հիասթափվել: Կարծում եմ, որ իմ այդ քայլը չափազանց կանխատեսելի էր, քանի որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել էի ՀՀ նախագահից, որը ՀՀԿ ղեկավարն է: Որեւէ մեկը չի կարող վիճել այն թեզի հետ, որ վարչապետը չի կարող աշխատել՝ քաղաքական հենարան չունենալով: Այս պարագայում ի՞նչ պետք է անի վարչապետը, որին առաջադրել են երկրի նախագահն ու կուսակցությունը: Նոր կուսակցություն հիմնի՞: Ես կարծում եմ, որ նման քայլի անհրաժեշտություն չկա:

– Կառավարության նիստերից մեկում, խոսելով գալիք ընտրությունների մասին, Դուք պահանջեցիք «արջի ծառայություն» չմատուցել՝ խոսքը գնում էր վարչական ռեսուրսի օգտագործման մասին: Բայց մենք գրեթե ամեն օր լսում ենք այն մասին, որ տեղական իշխանությունների, համատիրությունների ներկայացուցիչները շրջում են մարդկանց տներով, փորձում են ցուցակագրել նրանց, կամ էլ պարզել, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել: Ի՞նչ է պետք է անել, որ ձեր պահանջը հասնի այդ «արջի ծառայություններ» մատուցողներին:

– Նախ, հստակեցնեմ, թե ինչ ի նկատի ունեի, երբ խոսում էի «արջի ծառայություն» մատուցելու մասին: Մեր քաղաքացիները չեն սիրում, երբ իրենց վրա փորձում են ճնշում գործադրել՝ հաճախ դա հակառակ արդյունքն է տալիս: Մյուս կողմից, մենք պետք է հաշվի առնենք, որ հասարակությունը մեկ օրում չի կարող կատարյալ դառնալ: Երբ մարդիկ Հանրապետական կուսակցությանը մեղադրում են բոլոր մեղքերի համար, հաճախ մոռանում են, որ այս կուսակցությունը ներկայացնում է մեր հասարակության բոլոր շերտերը: Պատկերավոր ասած, եթե ընտանիքում կան լավ եւ վատ սովորող երեխաներ, նշանակում է սա արդյո՞ք, որ վատ սովորող կամ չար երեխայից պետք է հրաժարվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս