Միջազգային նշանակության հանրաքվե Արցախում. ինչ խնդիր պետք է լուծեն Արցախի իշխանությունները
Երեկ Արցախում կայացավ 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն՝ ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատման դեպքում Արցախը որդեգրելու է նախագահական կառավարման համակարգ, չնայած այն հանգամանքին, որ մինչ ապրիլյան պատերազմը, ըստ էության, ՀՀ-ի հետքերով ԼՂՀ իշխանությունները ևս ցանկանում էին, որպեսզի Արցախն անցում կատարեր կառավարման խորհրդարանական համակարգին, այնինչ ապրիլյան պատերազմը ստիպեց իշխանություններին փոխել իրենց որոշումն ի օգուտ նախագահական համակարգի, որը կամրապնդի ԼՂՀ-ում նախագահի ինստիտուտը։
Չնայած միայն նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարզաբանեց այս հանրաքվեի անցկացման նպատակը՝ այն որակելով՝ որպես երկրի կյանքը կառուցելուն, կենսագործունեությունն ապահովելուն ուղղված իրավական մշակույթ, չնայած ԼՂՀ-ում ամիսներ շարունակվող դիսկուրսին, նախաձեռնված գործընթացի դեմ առկա լուրջ բողոքի ալիքին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս չեն հերքում, որ սահմանադրական փոփոխությունները հանրային կյանքի կազմակերպման ձև են՝ չժխտելով, որ Արցախի ժողովուրդն ունի այս իրավունքն իրացնելու իրավունք։ Ուշագրավ է, որ օրերս Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն էին տարածել, ի թիվս այլ հարցերի՝ անդրադառնալով նախատեսվող սահմանադրական փոփոխություններին։
«Համանախագահները տեղյակ են, որ, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում անցկացնել 2017 թվականի փետրվարի 20-ին: Թեև համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են՝ որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, նրանք ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն»,- ասված է հայտարարությունում:
Ըստ այդմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող:
Նրանք ընդգծել են, որ այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, որը կարող է բերել հակամարտության տևական և խաղաղ կարգավորման: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը ևս անդրադարձել էր թեմային՝ նշելով.
«Մենք Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չենք դիտարկում: Ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակում, քաղաքական բանակցությունների ուղիով: Միաժամանակ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»։
Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ընդունում Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները, սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու համար Արցախում են մի խումբ եվրոպացի պատգամավորներ, արևմտյան և ռուսաստանյան գործիչներ մի քանի տասնյակ երկրներից։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսն, ով այս օրերին Արցախում է, ասել է, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար։ Եվրոպացի մի շարք այլ պատգամավորներ, ինչպիսին Ֆրանկ Էնգելն է, Յարոմիր Շտետինան, ողջունում են Արցախում ժողովրդավարական գործընթացները, այդ թվում՝ հանրաքվեի անցկացումը և դրա անհրաժեշտությունը։
Ըստ «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի, միջազգային ոչ մի կառույց չի փորձում կասկածի տակ դնել Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեն:
Ս. Մինասյանի համոզմամբ՝ ԼՂ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացները՝ և ընտրությունները, և՛ սահմանադրական հանրաքվեն, և՛ մյուս բոլոր այլ գործընթացները, որոնք այս կամ այն ձևով ազդում են Լեռնային Ղարաբաղի պետականաշինության գործընթացի վրա, ուղղակի կամ անուղղակի ազդելու են նաև բանակցային գործընթացի արդյունքների վրա: Ըստ նրա՝ ավելի կարևոր է այն փաստը, որ նման գործընթաց է տեղի ունենում Արցախում, քան հայտարարությունները։
«168 Ժամի» հետ զրույցում Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն ասաց, որ արդարացված է համարում ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունը հանրաքվեի մասին։ Ավելին, ըստ նրա, հանրաքվեն դիտարկում է՝ որպես համահայկական քաղաքական համակարգի զարգացման բաղկացուցիչ մաս։ Նրա խոսքով, այս իմաստով այն բոլոր քաղաքական փոփոխությունները, որոնք այս հանրաքվեն է ֆիքսելու, ևս մեկ փաստն են լինելու այդ համընդհանուր քաղաքական տարածքի մասին։
Դուբնովի խոսքով, Արցախում քաղաքական միջոցառումների անցկացման դեպքում ճիշտ կլինի խոսել միջազգային իրավունքի տեսանկյունից։ «Եթե դիտարկենք միջազգային իրավունքն ու չկարգավորված ԼՂ հակամարտության հանգամանքը, հանրաքվեն ոչինչ չի նշանակում ԼՂ միջազգային կարգավիճակի տեսանկյունից։ Սա նշանակություն ունի Հայաստանի համար ԼՂ կարգավիճակի հարցում: ԼՂ-ն ոչ ֆորմալ կերպով ներկայանում է՝ որպես Հայաստանի մարզ, իսկ ներկայումս տեղի է ունենում այդ ոչ ֆորմալ կարգավիճակի ֆորմալ հաստատում»,- նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Դուբնովը՝ ակնարկելով վերջերս Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների գործընթացը և արցախյան գործընթացների հետ դրա կապակցվածությունը։
Նրա համոզմամբ՝ սա չի ունենալու որևէ հետևանք, ազդեցություն բանակցային գործընթացի ելքի վրա, քանի որ բանակցությունների արդյունքում և հաջողության դեպքում այլ գործընթացներ են նախատեսվում, որոնք վերջնական կարգավիճակ են հստակեցնելու։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում և՛ հակադարձեց, և՛ համաձայնեց Դուբնովի պնդմանը։ Նա նշեց, որ այս թեմայի շուրջ շատ հարցեր կան։
Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ, թեև հնչում են տարբեր գնահատականներ, որտեղ այնքան էլ հաճելի գնահատականներ չեն տրվում սահմանադրական փոփոխությունների գործընթացին Արցախում, սակայն միանշանակ է այն հանգամանքը, որ հնչում են այդ կարծիքները, գնահատականները, իսկ դա ցույց է տալիս, որ ցանկացած համապետական ընտրություն կամ հանրաքվե Արցախում, իհարկե, ունի միջազգային նշանակություն և կարևորություն։
«Եթե այդ միջոցառումը չունենար այդ նշանակությունը, որևէ մեկը դրան չէր անդրադառնա, մեկնաբանություններ չէր տա։ Մեզ ընդամենը պետք է հետաքրքրի այն հանգամանքը՝ ինչու և ինչ գնահատականներ են հնչում՝ միանշանակ չեն գնահատվում այս փոփոխությունները, ընդհանրացվում են։ Մենք կարող ենք նշել մի չափազանց կարևոր հանգամանք՝ որևէ մեկը չի ժխտում Արցախի իրավունքը նման միջոցառումներ անցկացնելու համար, սա շատ էական է, բոլորն էլ հասկանում են, որ Արցախի իշխանությունները կազմակերպում են նման քաղաքական գործընթացներ՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի կայունությունը, կազմակերպվածությունը, կառավարելիությունը։
Ընդամենը բոլոր կողմերից, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից, պարզ է դառնում, որ ԼՂ-ն ճանաչված չէ որպես անկախ պետություն, որ այդ միջոցառումը չի կարող ազդել խաղաղ բանակցությունների վրա և չի կարող կանխորոշել երկրի կարգավիճակը։ Սա շատ կոնկրետ գնահատական է, որը նույնպես ապացուցում է, որ սա ունի մեծ նշանակություն։
Նման մեկնաբանություններ հնչել են նաև 2006թ., երբ Ղարաբաղում Սահմանադրություն էր ընդունվում, ապա՝ նախագահական, խորհրդարանական ընտրությունների դեպքում։ Նրանք խոսում են այն մասին, որ չեն ցանկանում ճանաչել արդյունքը»,- ասաց Սարգսյանը։
Սակայն նրա կարծիքով, բնականաբար, նման միջոցառումներն անդրադառնալու են ԼՂ վերջնական կարգավիճակի վրա, քանի որ, երբ պետությունը կարգավորում է իր քաղաքական կյանքը, կազմակերպում է նման միջոցառումներ, դա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում միջազգային հանրության համար։ Ըստ նրա՝ այս հանգամանքի հետ սկսում են հաշվի նստել։ Ուստի, նրա համոզմամբ՝ շատ կարևոր է այս ամենը պատշաճ կարգով անցկացնել։
«Էական է, որ բազմաթիվ երկրներից դիտորդներ են ժամանել Լեռնային Ղարաբաղ։ Ինչո՞ւ են եկել, ուրեմն՝ սա կարևոր միջազգային իրադարձություն է, կարևոր է նաև դրա ժողովրդավարական անցկացման հարցը։
Կարևոր է այս ամենը ճիշտ առաջ տանել, որովհետև երկրի ներսում տարբեր կասկածներ են արտահայտվել այս հանրաքվեի շուրջ, որ իշխանությունները փորձում են դա օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար, Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար։
Նման երևույթները շատ բացասական են անդրադառնում գործընթացի վրա, դրանք պետք է լինեն, առավել ևս կլինեն, երբ պատասխաններ չեն հնչում։ Բակո Սահակյանը նախօրեին վերջապես խոսեց, նրան հստակ հարց են տալիս, թե ինչո՞ւ են նախաձեռնվել այս փոփոխությունները, արդյո՞ք իր պաշտոնավարումը երկարաձգելու համար, նա դրան հստակ պատասխան չի տալիս։ Երբ նա պատասխան չի տալիս, դա վտանգավոր է դառնում, քանի որ կասկածներն ավելանում են, և այս ամենը խոսում է նրա մասին, որ բուն պատճառներն այս ամենի այլ են։
Առաջին անգամ, երբ Սահմանադրություն ընդունվեց, նման իրավիճակ էր, ժամկետները կապում էին այս կամ այն պաշտոնյայի պաշտոնից հեռանալու ժամկետի հետ։ Եթե չկան հստակ պատասխաններ, կասկածներ են հնչելու»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նման գործելակերպը կարող է հեղինակազրկել այս գործընթացների անաչառությունն ու թափանցիկությունը։ Նա վստահեցրեց, որ, երբ գոյություն ունեն հարցեր, որոնց պատասխանները չեն տրվում, նշանակում է, որ գոյություն ունեն մոտեցումներ, անընդունելի հանգամանքներ, որոնք թաքցվում են, ինչն անընդունելի է հատկապես Արցախի դեպքում։ «Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաղթահարել, տարիների ընթացքում ի հայտ են գալիս գործիչներ, որոնք անգամ նման իրավիճակներում փորձում են իրենց ծառայեցնել ինչ-ինչ հանգամանքներ, ինչն անընդունելի է»,- ասաց Մանվել Սարգսյանը։