«Քաղաքական հարցերը ռուս-վրացական հարաբերություններում անհաղթահարելի տարաձայնություններ են առաջացնում». Անդրեյ Արեշև
«Անհրաժեշտ է տարանջատել տնտեսական հարցերը քաղաքական հարցերից, որոնք ռուս-վրացական հարաբերություններում անհաղթահարելի տարաձայնություններ են առաջացնում: Եվ, որքանով կարելի է դատել այդ երկկողմ հանդիպումից, հենց տնտեսական և քաղաքական հարցերի տարանջատումը կարող է այստեղ աշխատել: Իհարկե, այդ համաձայնության համար, որը, այսպես ասած՝ որոշել են հիշել, որովհետև դա դեռ 2011 թվականի մարտին էր կնքվել, երբ դրանով հետաքրքրված էին նաև Թբիլիսիի արևմտյան գործընկերները, պայմանավորված է հիմնականում տնտեսական գործոնով»,- այսօր կազմակերպված «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՌԴ ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը, ով Մոսկվայից քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման և փոխադարձ առևտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերջերս ձեռք է բերվել համաձայնություն:
Արեշևի խոսքով՝ որոշվեց այս համաձայնագրի մասին հիշել՝ տնտեսական պատճառներից ելնելով: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտուրը գնալով մեծանում է, առևտրաշրջանառությունը՝ աճում, ինչը երկու երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտություն է ստեղծում. «Այս փաստաթուղթը նման հնարավորություններ տալիս է: Այստեղ շատ կարևոր է՝ չքաղաքականացնել այդ հարցերը»:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում Հարավային Օսիան և Աբխազիան, նա այսպես պատասխանեց. «Նրանք միշտ հիշում են 1992 թվականի ողբերգական իրադարձությունները, և ես կարծում եմ, որ կլինեն որոշակի բացասական արձագանքներ: Մարտ ամսին Աբխազիայում պառլամենտական ընտրություններ են լինելու, իսկ ապրիլին՝ Օսիայում՝ նախագահական, և հիմա այս թեման այդքան էլ չի քննարկվում այնտեղ: Հնարավոր է, որ դա կապված է ներքաղաքական ավելի կարևոր հարցերի հետ, քանի որ այնտեղ իրավիճակը շատ բարդ է: Բայց ուզում եմ ընդգծել, որ ռուս-վրացական հարաբերությունները, առաջին հերթին՝ ունեն տնտեսական կապերի վերականգնման և շրջանառման նպատակներ»:
Քննարկմանը Թբիլիսիից տեսազանգով միացած վրացի փորձագետ Գեորգի Կանաշվիլին էլ հավելեց, որ այս համաձայնագրի վերաբերյալ քննադատություններ Վրաստանում վերջին օրերին դեռ չի լսել. «Դա կապված է նրա հետ, որ այս համաձայնագիրը կնքվել է նախկին իշխանությունների օրոք, որոնք հիմա ընդդիմություն են»:
Հարցին՝ հնարավոր կլինի՞ իրականացնել այս համաձայնագիրը, նա պատասխանեց, որ վերջին 5 տարիներին ռուս-վրացական հարաբերությունները կարգավորվում են, և նախագծի իրականացումը կարող է իրականություն դառնալ: