«Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանին մոռացել են կամ կարող են մոռանալ». Արմեն Սարգսյան

«Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանին մոռացել են կամ կարող են մոռանալ»,- այսօր ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը` խոսելով համագումարից Ս. Օհանյանի բացակայության մասին:

Նրա խոսքով՝ միգուցե Սեյրան Օհանյանը ժամանակի սուղ լինելու պատճառով չի ներկայացել. «Բայց վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հրավիրված է եղել համագումարին, կարծում եմ նաև, որ հիմա Սեյրան Օհանյանը համագործակցում է ԵԿՄ-ի հետ, որովհետև, ինչքան ես շփվել եմ այս 3 տարիների ընթացքում, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Օհանյանի  համագործակցությունը ոչ միայն եղել է պաշտոնական, այլև ընկերական և բարեկամական»:

Նա նշեց, որ ժամանակի սղության պատճառով ինքը ծանոթ չէ Ս. Օհանյանի վերջին հայտարարություններին՝ կապված քաղբանտարկյալների առկայության հետ:

Հարցին, թե Դուք Ձեզ ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ «Ելք» դաշինքում Ձեր եղբայր Արամ Սարգսյանն է, Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Առաջին օրվանից սկսած, երբ ՀՀ-ի անկախ պետության մեջ ստեղծվել են կուսակցություններ, ես երբեք կուսակցական չեմ եղել»: Նա նշեց, որ ժամանակին հարել է ՀՀԿ-ին, բայց երբևիցե կուսակցական չի եղել ու չի խառնվում քաղաքականությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս