Բաժիններ՝

Գերմանացի պատգամավորները դեմ են Օբերհաուզեն քաղաքում Յըլդըրըմի հանրահավաքին

Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ հայտնել են իրենց մտահոգությունը` կապված գերմանական Օբերհաուզեն քաղաքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի հետ:

Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle­ն: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարել վարչապետի կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հանրահավաքի անցկացումը գերմանական քաղաքում` առավել ևս, երբ Թուրքիայի ընդդիմությունը բանտարկված է:

«Դա խիստ հեռու է արդար ընտրական քարոզարշավի պայմաններից»,­ հայտարարել է նա:Գերմանիայի Սոցիալ­դեմոկրատների կուսակցության պատգամավոր Ջանսել Քըզըլթեփեն մեղադրել է Յըլդըրըմին մանիպուլյացիայի մեջ:

«Այն, ինչ ցանկանում է Գերմանիայում անել վարչապետ Յըլդըրըմը, Թուրքիայի քաղաքացիներին խաբելն է»,­ ասել է նա` ընդգծելով, որ սահմանադրական հանրաքվեն նպատակ ունի ավելացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունը:

Խնդրի առնչությամբ խոսել է նաև Բունդեսթագի մեկ այլ թուրք պատգամավոր` Սևիմ Դաղդելենը, ով նշել է, որ Էրդողանն ու Յըլդըրըմը Թուրքիայում ժողովրդավարությունը քանդողներից են: «Գերմանիայում միջոցառումների կազմակերպմամբ բռնապետության համար հարմար մթնոլորտ է ստեղծվում»,­ ասել է նա:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ապրիլի 16-­ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ մեկնում է Գերմանիա:

Յըլդըրըմը Օբերհաուզեն քաղաքում փետրվարի 18-­ին կազմակերպվելիք միջոցառման ժամանակ կոչ է անելու գերմանաբնակ թուրքերին «այո» ասել սահմանադրական հանրաքվեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս