«Իրենք դավաճանի պես հեռացան ու գնացին՝ Րաֆֆու հետ օյինբազություններ անելու». Պարույր Հայրիկյանը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել Հանրապետության հրապարակում:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական դաշինքի ներկայացուցիչները երեկ հրավիրված ասուլիսում ասել էին, որ  հարգանքով են վերաբերվում Հայրիկյանին: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Պ. Հայրիկյանը սպասո՞ւմ էր նման արձագանք և արդյո՞ք խիստ չէին այն գնահատականները, որոնք նա տվել էր՝ նրանց հիվանդ անվանելով, վերջինս պատասխանեց.

«Չեմ իմացել, որ այսպիսի բան է եղել: Ընդհանրապես, հարցն ինձ չի վերաբերում. ցանկացած հայ մարդ մեկ այլ հայ մարդու պետք է հարգի: Իսկ ընդհանրապես, մարդու խոսքը երևում է գործերով: Այնպես որ, ես կուզեի, որ ցանկացած մարդու խոսքը գործերով հաստատվի: Եթե իրենք ինչ-որ բանով կարողանան պիտանի լինել մեր ժողովրդին, շատ ուրախ կլինեմ, բայց կասկածում եմ, որովհետև այն հատվածայնությունը, որ մտել է, չի համապատասխանում օրվա գերխնդրին: Մեր գերխնդիրը ժողովրդավարությունն է, այն համազգային հարց է, և բոլոր նրանք, ովքեր հասկանում են ժողովրդավարական արժեքների կարևորությունը, պետք է միավորվեն: Եթե ինչ-որ կուսակցություններ պետք է «յոթնոցների» պայքար մղեն (թե ով 7% կհավաքի), դա նշանակում է՝իրենք ոչինչ չեն  հասկանում»:

Իսկ հարցին՝ ափսոսանք կա՞, որ չի մասնակցելու ԱԺ ընտրություններին, Հայրիկյանը պատասխանեց՝ ոչ.

Կարդացեք նաև

«Այսպիսի ընտրությունների մասնակցելն ուղղակի սրբապղծություն է մեկ այն պատճառով, որ Սահմանադրությունն ապօրինի է, և այն պատճառով, որ 70%-ը դեմ է քվեարկել, իրենք դարձրել են՝ 30%: Այս բանն իմանալով՝ գնալ այդ սահմանադրական հովանու տակ ստեղծված Ընտրական օրենսգրքով ընտրություններին, նշանակում է՝ մասնակցել պղծության: Մենք ուզում էինք գնալ, որպեսզի թիմով ինչ-որ հաջողության հասնեինք, իսկ առանձին տեղեր ունենալու համար թող գնան այն խեղճերը, որոնք առանց աթոռի որևէ նշանակություն չունեն»,-ասաց Հայրիկյանը, որը ընդամենը մի քանի օր առաջ ամեն ինչ անում էր որևէ դաշինքով այդ նույն ընտրություններին մասնակցելու համար:

Հայրիկյանն ափսոսանք հայտնեց, որ իրենց հիմնական նպատակը հաջողության չհասավ.

«Եվ որքան էլ ինձ հարգեն Օսկանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանք մեծագույն չարագործություն կատարեցին՝ թույլ չտալով, որ կայանա այն մեծ դաշինքը, որը կայացման ճանապարհին էր: Նախ, Արամ Սարգսյանին, հետո Վիկտոր Դալաքյանին արտամղեցին, հետո էլ ինձնից հեռացան: Իրենք հեռացան, ես դուրս չեմ եկել: Իրենք դավաճանի պես հեռացան ու գնացին՝ Րաֆֆու հետ օյինբազություններ անելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս