Եվրոպական ևս չորս երկրում թուրք դիվանագետները լրտեսություն են իրականացնում. Der Spiegel
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle ն:
Der Spiegelի ունեցած պաշտոնական տեղեկություններով` Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և Բելգիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հետախուզական տվյալներ են հավաքում գյուլենականներին սատարողների վերաբերյալ: Նրանք գյուլենական դպրոցներին, մշակութային կենտրոններին աջակցողների անունները փոխանցում են Անկարային:
Ավելի վաղ գերմանական իշխանությունները տեղեկացրել էին, որ Գերմանիայում գործող թուրքական մզկիթների իմամները լրտեսություն են իրականացնում:
Նրանք մզկիթ հաճախող կամ իրենց թաղամասում բնակվող գյուլենականների մասին տեղեկությունները հայտնել են Թուրքիայի իշխանություններին: Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները հերքել են գերմանական կողմի մեղադրանքները: