«Հոպարնե’ր, թող ոչ մեկ չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը»
«Երկրապահը տասնամյակներ շարունակ կարգախոսի նման կրկնել է` եթե պետք լինի, մենք նորից կգանք հայրենիքը պաշտպանելու»,- այսօր ԵԿՄ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ անցած տարի ապրիլին դեպք եղավ և ԵԿՄ-ականները գնացին, շատերը ճերմակած մազերով կանգնեցին հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպանների կողքին: Ս.Սարգսյանի խոսքով` նրանց համար երկրապահներն արդեն «հոպարներ» էին, բայց ազատամարտի տարիներին դա ոչ մեկի մտքով չէր անցնում:
«Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները: Հոպարնե’ր, թող ոչ մեկ չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, որ մենք պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասն պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նա նշեց, որ ԵԿՄ-ն, լինելով հասարակական կազմակերպություն, մեզանում ձեռք է բերել շատ յուրահատուկ կշիռ. «Այս իրողությունը խոսում է ձեր ուժի մասին, հասարակության մեջ ունեցած հեղինակության մասին»: