«Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի». Վահրամ Բաղդասարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց նախընտրական ցուցակը բավական տրամաբանական ցուցակ է:

Դիտարկմանը, թե տարածքային ցուցակներում հին և մականունավոր դեմքերն են, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Դա մեր թիմն է և մեր որոշումները կայացնելու ենք այդ ձևով: Բավական քաղաքական ցուցակ ենք համարում մեր համամասնական ցուցակը, իսկ ռեյտինգային ցուցակի գնահատականները կտա հանրությունը»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես պաասխանեց. «Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ: Բայց այդ տարիներին երբևիցե նման հայտարարություն չեմ լսել: Ի՞նչ է նշանակում՝ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ այլևս իշխանության մեջ չէ, արդեն հայտնվո՞ւմ են քաղբանտարկյալներ: Ես տրամաբանական չեմ համարում»:

Հիշեցմանը, թե Սեյրան Օհանյանը նաև հայտարարել էր, թե իր դեմ արշավ է սկսվել՝  Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն նման բան չի անում, իրենք ձեռնպահ են մնում նման երևույթներից:

Տեսանյութեր

Լրահոս