Արարատում ընտրապայքարը սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատում ընտրապայքարն սպառնում է վերածվել «մարտեր առանց կանոնների» սպորտաձևի։ Այստեղ ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն է, այլև ՀՀԿ-ականներն իրար դեմ են ելել։
Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում և հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։ Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաև Արտաշատում։ Մասիսում ՀՀԿ-ականների հին հաշիվներն են սրվել։ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը քաղաքում շտաբ է բացել, որն զբաղվում է Արայիկ Գրիգորյանի քարոզչությամբ, ամեն երեկո այստեղ մեքենաների շարասյուն է կանգնում։
Հիշեցնենք, որ Սաշա Հակոբյանն անցած աշնանը պոստը զիջեց Դավիթ Համբարձումյանին՝ Թույների Մհերի որդուն, ով ՀՀԿ-ի թեկնածուն էր, որին աջակցում էր Մուրադ Մուրադյանը։ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, որոշել է վրեժխնդիր լինել Մուրադյանից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։