Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է տնտեսական ազատության ինդեքսում
Հայաստանը 21 հորիզոնականով առաջադիմել է Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում։ 2017 թվականի ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ տեղը (2016-ի զեկույցում 54-րդ տեղում էինք)։
Հայաստանի տնտեսական ազատության աստիճանը գնահատվել է 70.3 միավոր, ինչը 3.3 կետով բարձր է նախորդ տարվա գնահատականից։
Տնտեսական ազատության աստիճանը գնահատվում է 12 չափանիշների հիման վրա, որոնք բաժանված են 4 խմբի։
1-ին խմբի՝ օրենքի իշխանության չափանիշներից երկուսի գծով (այդ թվում՝ սեփականության իրավունքների պաշտպանության) բարելավում է գրանցվել։
Կառավարության ծախսումների չափանիշը բարելավվել է և հասել 81.7, իսկ հարկային բեռի առումով դիրքերը վատացել են։
Բիզնեսի և աշխատուժի ազատության առումով ունենք առաջընթաց, դրամավարկային ազատության աստիճանը չի փոխվել։
Առևտրի ազատության հարցում միավորը նվազել է մինչև 80.2, իսկ ներդրումային և ֆինանսական ազատությունների առումով փոփոխություններ չկան։
Նշենք, որ տարածաշրջանի հարևաններից Վրաստանը տնտեսական ազատության ինդեքսում 13-րդ տեղում է, Թուրքիան՝ 60-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ:
Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներն են Հոնգ Կոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան։