Ի՞նչ է խոստացել հեռացող նախագահ Օլանդը հայ համայնքին
Օրերս կայացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ։ Ճաշկերույթի ընթացքում, ի թիվս հայ համայնքի ղեկավարների, ելույթով է հանդես եկել իր պաշտոնավարումն ավարտող և հայամետ համարվող Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես նախորդ ճաշկերույթների ընթացքում, Օլանդն այս անգամ ևս որոշ խոստումներ է տվել հայ համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին 168.am-ը զրուցեց Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանի հետ, ով ևս ներկա է գտնվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին։
– Հաշվի առնելով, որ սա Օլանդի մասնակցությամբ վերջին հավաքն էր, ինչո՞վ նշանավորվեց այն։
– Օրերս կայացած ճաշկերույթը և հանդիպումը կարելի է որակել՝ որպես հավատարմության հանդիպում։ Օլանդն իր նախագահության տարիների ընթացքում փորձեց և արեց այն ամենը, ինչ կարելի էր սպասել հանրապետության նախագահից։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ կարելի է նաև հուսահատություն արտահայտել, քանի որ ֆրանսահայության ակնկալած Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացման օրինագիծը, չնայած Ազգային ժողովում և Սենատում հաջողություններին, Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստացավ, որի մասին իր ելույթում ակնարկեց Ֆրանսիայի նախագահը։ Նա իր հավատարմությունը հայտնեց հայ ժողովրդին, նշեց, որ մեր կողքին է, ասաց, որ հայ ժողովրդի պայքարն առաջ է ընթանում, շատ գործ կա դեռ անելու, այդ պայքարը սերնդեսերունդ փոխանցելու, խոսեց հայ ժողովրդի մասին՝ որպես Ֆրանսիայում լավագույնը, նկատի ունենալով ժողովրդի պահվածքը, կեցվածքը, տված բարիքը Ֆրանսիային։
Ուշագրավ է նաև, որ նա նոր առաջարկով և խոստմամբ հանդես եկավ, մի խոստում, որը կախված չէ Սահմանադրական դատարանից։ Նա ցանկանում է Ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների ոգեկոչման օր հռչակել Ֆրանսիայում։ Երբ հանդիպումից հետո ավելի ուշ ես խոսեցի նրա հետ և փորձեցի տեղեկանալ, թե երբ է դա տեղի ունենալու, նա նշեց, որ անպայմանորեն այդ օրը հռչակվելու է իր պաշտոնավարման ավարտից՝ մայիսից առաջ, դա պետք է տեղի ունենա նախագահական հրամանագրի համաձայն, ու այդ օրը պետք է նշվի նաև՝ որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր, որի համար հանձնախումբ է ձևավորվել։
Ֆրանսուա Օլանդը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ին նախատեսվող Փարիզ այցի մասին։ Նա իր խոսքում հստակորեն նշեց, որ Ֆրանսիայի համար կարևոր է Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, և ասաց, որ նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպելու է նաև Ալիևի հետ, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ հնարավորն անելու խաղաղության հասնելու համար։
– Ըստ Ձեզ՝ այդ օրինագծի տապալման պատճառները որտե՞ղ պետք է փնտրել, եթե հաշվի առնենք, որ իր ողջ նախագահության ընթացքում Օլանդը խոստացավ ձևավորել իրավաբանորեն կայուն և անվտանգ փաստաթուղթ, որը չի մերժվի Սահմանադրական դատարանի կողմից, բայց վերջին օրինագիծը, ըստ մի շարք փորձագետների՝ ոչ միայն չէր առնչվում Ցեղասպանությանը, այլև մերժվեց։ Ինչո՞ւ այս ճակատագրին արժանացան Օլանդի նախորդ խոստումները։
– Բազմաթիվ վերլուծաբանների, քաղաքական գործիչների, հատկապես՝ հայ համայնքի ղեկավարության գնահատմամբ, այդ վճիռն իրավական սահմաններից դուրս է և կապված է քաղաքական ազդեցությունների հետ։ Մենք հիշում ենք, որ, երբ 2012թ. նույն Սահմանադրական դատարանը թեկուզ այլ նախագահի օրոք մերժեց առաջին օրինագիծը, պարզվեց, որ ՍԴ անդամներից առնվազն մեկը թուրք գործիչների հետ կապեր ուներ, հատկապես՝ գործարար միության ղեկավարության հետ, որի փաստերը մենք կարողացանք բացահայտել, և այդ անդամը չհերքեց, որ օրենքի մերժումից մեկ օր առաջ կապեր էր հաստատել թուրքերի հետ, որոնց անունները բացահայտվել են, հաղորդագրություններ էր փոխանակել, այսինքն՝ այդ որոշումը թուրքական կողմի հետ համաձայնեցված էր առնվազն ՍԴ մեկ անդամի մակարդակով։ Սա բացահայտ խախտում է ՍԴ-ի անդամների անկողմնակալ և անաչառ դիրքը։
Եթե մենք բացահայտել ենք մեկ հոգու հետ կապված փաստ, ապա դա մեզ առիթ է տալիս մտածելու, որ քաղաքական հիմունքներով է մերժվել թե՛ նախորդ անգամ, թե՛ այս անգամ, և աշխատել է թուրքական հզոր լոբբին, նաև ֆրանսիական մեծ ընկերությունների ճնշումներն ու այլ քաղաքական հանգամանքները, որոնց արդյունքում Սահմանադրական դատարանը ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական ազդեցությունների հողի վրա նման որոշում է կայացրել։
– Եթե այս որոշումը քաղաքական պատճառներ ունի, և թուրքական գործոնը բավականին ազդեցիկ է, չի՞ նշանակում արդյոք, որ այս գաղափարից պետք է փոքր-ինչ ետ կանգնել և այլ առաջնահերթություններ սահմանել հայ համայնքի առջև, ինչպես հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ են պնդում, զբաղվել Արցախյան հիմնախնդրով, բարձրացնել Ֆրանսիա-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցը։
– Համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր նման կարծիքներ են հայտնում, այսօր ունեն անձնական հարցեր լուծելու խնդիր։ Նույն այդ մարդիկ տարիներ առաջ նետված էին նույն այս պայքարի մեջ, և քանի որ այսօր այդ պայքարի առաջին գծում չեն, նման հարցեր են բարձրացնում։ Բայց ճիշտ է, որ մենք՝ որպես հայություն, ոչ թե՝ միայն որպես ֆրանսահայություն, ունենք բազմաթիվ ճակատներ, և այդ ճակատների մեջ Արցախն առաջնահերթությունների առաջնահերթությունն է այսօր, որի շուրջ երբեք ֆրանսահայությունը չի դադարել աշխատել։
Սակայն ճիշտ է նաև, որ Ցեղասպանության հարցը բավական ժամանակ ուժ և հնարավորություններ է կենտրոնացրել իր վրա։ Այսօր Արցախը պետք է լինի առաջնահերթություն, բայց շատ սխալ կլիներ հանկարծ մտածել, որ երկու ձախողումների պատճառով պետք է Ցեղասպանությանը վերաբերող հարցն անցյալի հարց դիտարկել, որովհետև մեր հաղթանակը երկարաշունչ պայքարն է։ Եթե հանկարծ այս պայքարը դադարեցնենք, դա ցույց կտա, որ մենք չունենք ռեսուրսներ, չենք հավատացել մեր պայքարի արդարացիությանը, իսկ եթե հավատում ենք, որ մեր պայքարն արդար է, պետք է ուժ հավաքենք մինչև վերջ տանելու համար այդ պայքարը, այո, առաջնահերթությունների ճիշտ հերթականություն սահմանելով։ Ինչո՞ւ, որովհետև Ցեղասպանության հարցը նաև ՀՀ անվտանգության հարցն է, դա միայն բարոյական կամ պատմական խնդիր չէ, հենց այդտեղ է, որ մենք մի քանի խնդիր կլուծենք, եթե այդ պայքարի մեջ լինենք հարատևող։
– Ինչպե՞ս է, Ձեր գնահատմամբ՝ ավարտում իր նախագահությունը Ֆրանսուա Օլանդը՝ հայկական հարցերի ուղղությամբ ձեռնարկած քայլերի տեսանկյունից։ Ըստ Ձեզ՝ նախագահության ավարտին կհաջողվի՞ ոգեկոչման օր հռչակել Հայոց ցեղասպանության համար։
– Ես չեմ տեսնում պատճառ, որը թույլ չտա, որպեսզի Օլանդն այս որոշումը կայացնի մինչև իր իշխանության ավարտը։ Բայց հավելյալ տվյալներ ևս չունեմ, որպեսզի հաստատ այս պահին նշեմ։ Ինչ վերաբերում է Օլանդի հնգամյա գործունեությանը, ապա ես կցանկանամ հիշեցնել Հայկական կազմակերպությունների տարեկան ընթրիքի ժամանակ Շառլ Ազնավուրի արտահայտությունը. «մենք զղջալու ենք Օլանդի նման նախագահից հետո», այն իմաստով, որ Օլանդն այնքան շատ բան արեց հայ ժողովրդի համար։
Նա գնաց Թուրքիա և խոսեց Ցեղասպանության մասին, Թուրքիայում հանդիպեց Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքին, չնայած թուրքական ճնշումներին, նա ինքնակոչ հյուր դարձավ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին, պաշտոնական Երևանը նրան դեռ չէր հրավիրել, և նա մեկ տարի առաջ Կոմիտասի արձանի առջև որոշեց, որ 100-ամյակը պետք է անցկացնի Երևանում և Ծիծեռնակաբերդում, ի դեպ, նա արևմտյան աշխարհի միակ ղեկավարն էր այդ օրը Երևանում։ Նա ժխտողականության օրենքի առաջին ձախողումից հետո նախաձեռնեց երկրորդ քայլը նոր տեքստով՝ անկախ նրանից, որ այդ տեքստը հաջողության չարժանացավ, բայց շնորհիվ այդ պայքարում իր մասնակցության՝ մեր դատը մեծ հնչեղություն ձեռք բերեց։
Չմոռանանք, որ երկրորդ տեքստը խորհրդարան մտավ ոչ թե ինչ-որ խմբակցության կամ ինչ-որ պատգամավորի առաջարկով, այլ Կառավարության առաջարկով, սա իր քաղաքական նշանակությունն ունի։ Երբ Հայաստանը երես թեքեց ԵՄ-ից և որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Օլանդը, չնայած բոլոր ԵՄ երկրների զայրույթին, հայտարարեց, որ Հայաստանն արժանի է ԵՄ-ի հոգատարությանը, որ պետք է հասկանալ ՀՀ-ի ուղղությունը դեպի ԵՏՄ՝ տարբեր պատճառներով, և սա չպետք է պատճառ հանդիսանա, որ ԵՄ-ն կասեցնի հարաբերություններն ու պատժի Հայաստանին, որ Ֆրանսիան ԵՄ-ում ՀՀ դեսպանը պետք է դառնա։
Ահավասիկ, առաջիկա շաբաթների ընթացքում իր ավարտին կհասնի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը, այսինքն՝ այս բոլորում կա նաև Օլանդի դերակատարությունը։ Այսպես մի շարք երևույթներ ցույց են տալիս, որ առաջին անգամ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության մեջ նախագահն ամեն ապրիլի 24-ն անցկացնում է հայ համայնքի հետ, բացի 100-ամյակը, երբ ներկա էր Երևանում ոգեկոչման արարողություններին։ Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մենք խոսում ենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահի մասին, աշխարհի 5-րդ հզորագույն պետության նախագահի։