Հայաստանում կստեղծվի հաշվապահների ու աուդիտորների ինքնակարգավորվող պալատ

Փետրվարի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը զանգվածային լրատվության միջոցներին ներկայացրել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում իրականացվող բարեփոխումները» զեկույցը, որից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

Դավիթ Անանյանը նշել է, որ ներկայումս ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների իրավական կարգավորման տեսանկյունից մշակվում են ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր:

Հայեցակարգից բխող օրենքները ուղղված են աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր մոդելի ներդրմանը, որոնք են՝
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը,
2. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
3. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքը:

Դավիթ Անանյանի խոսքով՝ հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի կարգավորումը մշտապես եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը, սակայն, հաշվի առնելով համաշխարհային փորձը, Հայաստանում նույնպես նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կառույց՝ «Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ», որը կիրականացնի, մասնավորապես, մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, ՖՀՄՍ-ների (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) և աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ: Կառույցը կլինի ինքնակարգավորվող, կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն ծանրություն չի լինի պետական բյուջեի համար, կֆինանսավորվի անդամավճարների և այլ կամավոր հատկացումների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախատեսվում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթն ամբողջությամբ վերապահել պալատին, իսկ վերահսկողական գործառույթները նախատեսվում է կազմակերպել ֆինանսների նախարարությանը կից ստեղծված հանրային վերահսկողության խորհրդի միջոցով, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար:

Նախատեսվող բարեփոխումներով լիցենզավորման իրավական պահանջը կվերանա և գործընթացը կկարգավորվի Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման միջոցով:

Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին և ամփոփել` նշելով, որ պալատի ստեղծման հայեցակարգի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս