«Մի քիչ էլ անցնի, կարող է ասի՝ ազատություն քաղբանտարկյալներին». Էդմոն Մարուքյանը հեգնեց Սեյրան Օհանյանին

«Ոչ մի բան պետք չէ բացառել հետընտրական պրոցեսների իմաստով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իրենք սկսում են մաքուր թղթից, և իրենց հասցեին որևէ մեղադրանք չի կարող լինել. «Միակ նոր մոտեցումներով հանդես եկող քաղաքական ուժը «Ելք» դաշինքն է: Ես դրա համար եմ ասում, որ «Ելք» դաշինքի հնարավորությունները շատ բարձր են»:

Է. Մարուքյանը նաև ասաց, որ իրենք ունեն տարածքային կառույցներ: Նրա խոսքով՝ 3 ուժերի տարածքային կառույցներն այժմ սինքրոնացված աշխատում են, և դրա սիներգիայի էֆեկտը հանրությունը կտեսնի:

Հարցին, թե՝ ո՞ր ուժերի հետ եք բացառում հետընտրական համագործակցությունը, կոալիցիա կազմելը, Է. Մարուքյանը պատասխանեց, որ դաշինքում նման քննարկում չի եղել. «Երբ կլինեն հետընտրական պրոցեսներ, այն ժամանակ կքննարկվի: Իմ տեսակետն այն է, որ որևէ բան պետք չէ բացառել, որովհետև Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է այսօր կանգնած, որ ինչ-որ բաներ բացառելն այնքան էլ խելացի չի լինի»:

Է. Մարուքյանի համար զարմանալին այն է, որ 2008 թվականի մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, որոնք անմիջական դերակատարում են ունեցել այդ ժամանակ:

Լրագրողի ճշտող հարցին՝ նկատի ունեք Սեյրան Օհանյանի՞ն, Է. Մարուքյանն այսպես պատասխանեց. «Այո, Սեյրան Օհանյանին: Նա եղել է գլխավոր շտաբի պետը, և մարդը ասում է՝ Մարտի 1-ը գանք՝ բացահայտենք, մի քիչ էլ անցնի, կարող է ասի՝ ազատություն քաղբանտարկյալներին: Եթե կարելի է նման կերպով վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն՝ ամեն ինչ կարելի է»:

Հարցին, թե՝ նրանց հետ իշխանություն կկազմե՞ք, Է. Մարուքյանը պատասխանեց, որ չի կարծում, որ նման հնարավորություն լինելու է նրանց մասով, Գ. Ծառուկյանի դեպքում՝ նույնը. «Այդ երկու ուժերի հետ կապված ես չեմ լսել որևէ ընդդիմադիր ելույթ: Ելույթները լսեք, տեսեք՝ մարդիկ ի՞նչ են ուզում, կարո՞ղ  է իմանաք, ընդդիմադիր ելույթ ես չեմ լսել: Թող ծրագիր ներկայացնեն, կիմանանք: Ո՞րն է իրենց մոտեցումները: Եթե իրենց ու իշխանությունների մոտեցումները նույնն են, ուղղակի ասում են՝ մենք գանք անենք, ինձ համար տարբերություն չկա»:

Է. Մարուքյանը նշեց, որ իրենց հայտն առաջին հերթին՝ իշխանափոխություն անելն է, նվազագույն ծրագիր է՝ լինել հակակշիռ 6-րդ գումարման Ազգային ժողովում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս