«Հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ` դաշինքը հաղթելու է». «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը: Այսօր դաշինքը քվեարկություն կազմակերպեց, որի շրջանակներում դաշինքի անդամներից յուրաքանչյուրը, բացի իրենց ներկայացրած ուժից,ւժից՝ կարող էր ընտրել մյուս երկու ուժերի ներկայացուցիչներին: Արդյունքում՝ «Լուսավոր Հայաստանն» ընտրեց Արամ Սարգսյանին, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանին, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին: Դաշինքի առաջին երեք համարներն են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան:
Քվեարկությունից առաջ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրությունն այն ընտրությունն է, որն իր էության մեջ «Ելք» դաշինքում շատ քիչ բան է փոխելու, կամ ընդհանրապես չի փոխելու. «Որովհետև մեր դաշինքում ոչ միայն որոշումները չեն կայացնում առաջին եռյակը, այլ այդ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը՝ կոնսենսուսով: Թե ով որ համարը կլինի, լրիվ պայմանական է: Ես երկու թեկնածուներին էլ արժանի եմ գտնում ու անկեղծորեն խոստովանում եմ, որ այս պահին չգիտեմ՝ ում եմ քվեարկելու»:
«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ «Ելք» դաշինքը կարևորում է ինստիտուտների գոյությունը, աշխատանքը և ընդհանրապես պրոցեսներն ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը. «Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է համոզված լինել, որ համամասնական ցուցակում հայտնվելը թիմի յուրաքանչյուր անդամի ներքին համոզման, ցանկության և քաղաքական որոշման արգասիքն է: Կարծում եմ՝ այս փաստը կարևոր է Հայաստանում քաղաքական կուսակցական համակարգի կայացման իմաստով և կարևոր է Հայաստանում ժողովրդավարության և ինստիտուտների կայացման իմաստով: Ցանկացած լուծում լինելու է բոլորիս հաղթանակը»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն էլ կարևորեց այս օրը. «Բոլորս էլ պատրաստ ենք լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Կոնկրետ իմ պարագայում՝ ինձ համար էլ որևէ տարբերություն չկա, որովհետև ես հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ՝ դաշինքը հաղթելու է»:
Ա. Սարգսյանն ընտրությունից հետո կատակեց՝ ասելով, որ այս ընտրությամբ պարզ դարձավ, որ Էդմոն Մարուքյանի հաջողակ լինելը ոչ թե միֆ է, այլ իրականություն, ինչի համար շնորհավորեց «Ելք» դաշինքին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: