«Լուրջ անհրաժեշտություն կա, որ պետությունները Թուրքիային կարգի հրավիրեն». Մուրադ Փափազյան
Սփյուռքում տարվող Հայ դատի աշխատանքը պետք է Թուրքիայում արձագանք գտնի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Բարեբախտաբար, այսօր կան մի շարք մտավորականներ, քաղաքական գործիչներ, ազգային փոքրամասնություններ, որոնք աշխատանք են տանում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Այս վերջին կետն ամենակարևորն է: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցը հաշվի չի առնվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ազատ ժողովրդավարական իշխանություն չի հաստատվել: Թուրքիայում պետք է դեմոկրատական շարժումներին ուժ հաղորդել»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կյանքն այսօր վտանգի տակ է: Նրա խոսքով՝ պետք է բոլոր երկրների կառավարություններն իմանան, որ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը լուրջ վտանգված են: Էրդողանի ռեժիմը դարձել է բռնատիրական:
«Չենք կարող անտեսել այս իրողությունը, և լուրջ անհրաժեշտություն կա, որ պետությունները Թուրքիային կարգի հրավիրեն»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Անդրադառնալով Արցախին զորակցելուն ուղղված աշխատանքներին` Մուրադ Փափազյանը նշեց, որ դա շարունակական գործընթաց է: Նրա խոսքով՝ պետք է ապահովել տարբեր երկրների ու Արցախի քաղաքների, համայնքների պաշտոնական բարեկամական կապեր հաստատելու գործընթացի շարունակականությունը:
«Մենք էլ պետք է շարունակենք մեր աշխատանքը Ֆրանսիայի կառավարության հետ: Սփյուռքը լուրջ մասնակցություն պետք է ունենա և ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության պայմանները բարելավելու գործում»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանական լոբբին բավական ակտիվ աշխատում է Ֆրանսիայում: Նյութական կարևոր միջոցների տիրապետելով՝ նրանք կարողացել են որոշ անձնավորությունների կաշառել: Վերջիններս էլ դարձել են Բաքվի լծակները Ֆրանսիայում: Չնայած դրան, Հայ դատն ակտիվորեն աշխատում է բոլոր ուղղություններով: Հանրային դաշտում, քաղաքական, գիտական հատվածներում բազմաթիվ են մարդիկ, ովքեր կողմնակից են Արցախի ինքնորոշմանը: