Քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենին քանդակել է Լևոն Արոնյանի կիսանդրին
Գերմանացի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենին, ով քանդակել է Գերմանիայի նախագահների և ճանաչված շատ դեմքերի կիսանդրիները, հեղինակել է նաև շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կիսանդրին: Այն պատրաստ է և արդեն Հայաստանում է:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ պատմեցին «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոիլինը, Գերմանիայից քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենը և քանդակագործի մենեջեր ու համակարգող Քրիստոֆ Հոպելը:
Շախմատն ու դիմաքանդակն իրականում շատ նմանություններ ունեն: Այսպես է կարծում հայտնի քանդակագործը, ում վստահվել է շատ երկրների ղեկավարների դիմաքանդակներ կերտելու պատիվը: Նա հավելում է. «Ես մեծ ցանկություն ունեի ճանաչելու Լևոն Արոնյանին, և ինձ համար մեծ բախտ էր այն փաստը, որ Գերմանիայում Լևոնն ապրում էր նույն քաղաքում, որտեղ և ես՝ Բեռլինում: Այս տեսակետից հանդիպման կազմակերպումը հեշտ ստացվեց: Պարզվեց՝ շփումը նրա հետ բավականին հեշտ էր: Առաջին հանդիպմանը Լևոնը եկավ հեծանիվով: Առհասարակ սա գրոսմայստերի հետ իմ առաջին հանդիպումն էր: Մենք միանգամից գլխի ընկանք, որ թե´ իմ, թե´ իր աշխատանքը շատ նման են իրար, և այն աբստրակտ հայացքը, որով ես եմ նայում իմ աշխատանքին, նմանապես վերաբերում է նաև Լևոնի խաղին»:
Քանդակագործը պատմում է, որ դիմաքանդակը կերտելու համար Լևոնն իրեն տրամադրում է երկու օր. «Ընկերական մթնոլորտ էր, ընթացքում մենք սուրճ էինք ըմպում, աշխատում էինք հանգստի համար նախատեսված կարճ դադարներով: Նա հիանալի անձնավորություն է ոչ միայն՝ շախմատում, այլ նաև՝ ցանկացած պարագայում: Դա պարզ է դառնում, երբ իր հետ շփվում ես: Սիրում է գինի և շախմատ: Ցանկացած թեմայի շուրջ նրա հետ զրույցը բացահայտում է սովորելու, առարկայի ոգին բացահայտելու նրա անսպառ ցանկությունը»:
«Ես ձեզ կպատմեմ, թե ի՞նչ խաղ եմ խաղում ես այս գլխի հետ,- կեսկատակ հավելում է քանդակագործը, երբ լրագրողների համար բացահայտում է դիմաքանդակը՝ հանելով նրա վրայի սպիտակ սավանը,- դիմաքանդակի էությունը ոչ միայն դրա գլուխն է, այլ նաև դրա դիրքը: Իմ առջև դրված խնդիրն էր՝ բացահայտել և ցույց տալ՝ ինչպիսի անձնավորություն է նա, ինչպիսի դեմքի արտահայտություն ունի, և ինչպես կարող եմ ես իմ ստացած այդ ինֆորմացիաները ցույց տալ քանդակի մեջ: Նրա դեմքն ասիմետրիկ է, դեմքի ձախ հատվածն ավելի պայծառ է, քան աջ հատվածը, և մշտապես ժպտում է դեպի ձախ ուղղությամբ: Կերտելով Լևոնի դիմաքանդակը, ես ուզում էի ցույց տալ, թե որքան խորը և հարուստ ներաշխարհով անհատականություն է նա, միաժամանակ՝ ցանկություն ունենալով ցույց տալ, թե խաղատախտակի դիմաց ինչպիսի խնդիրներ նա կարող է ստեղծել իր մրցակիցների համար»:
Հանդիպմանը ներկա՝ «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոիլինը, ով նաև հայտնի գրոսմայստերի կինն է, լրագրողներին փոխանցեց Լևոն Արոնյանի ողջույնը՝ կիսակատակ հավելելով նաև շախմատիստի բացակայության պատճառը. «Լևոնն այս պահին պատրաստվում է մի քանի օր անց սպասվող շատ կարևոր մրցաշարի: Նա ներողություն է խնդրում իր բացակայության համար, պարզապես մեծարանքի նման դրսևորումները, ըստ Լևոնի, կարող են բացասաբար անդրադառնալ նրա վրա, որովհետև ինքը կարծում է, որ նման դեպքերում էգոն որոշակի առումով խանգարում է իրեն: Լևոնը շնորհակալ է Բերտրան Ֆրեյսլեբենիին՝ իր ներկայության և կատարած աշխատանքի համար: Ես կուզենայի ավելացնել նաև, որ Բեռլինում Լևոնն այս աշխատանքը Ձեզ հետ իրականացրել է մեծ սիրով և լավագույն հիշողություններ ունի դրանից»:
Գերմանացի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենին լրագրողներին տեղեկացրեց, որ 17 կգ կշռող Լևոն Արոնյանի բրոնզազույլ դիմաքանդակը, ամենայն հավանականությամբ, իր տեղը կգտնի Հայաստանի շախմատի ակադեմիայում, հավելելով նաև այն մասին, որ առաջիկայում ինքը կցանկանար կերտել նաև մեկ այլ հայազգի հայտնի սպորտսմենի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դիմաքանդակը: