Բաժիններ՝

«Կարևոր հիշեցում մայրիկներին. երեխայի հոգեկերտվածքի կարևոր հիմքերից մեկն էլ տիկնիկն է». Անժելա Մարտիրոսյան

Տիկնիկագործությունը հեքիաթ հորինելու, ստեղծելու պես մի հրաշք է, այն տարբերությամբ, որ այդ հեքիաթը շոշափելի է: Այն գոյություն ունի մեր իրականությանը զուգահեռ՝ ունի ձև, գույն և, իհարկե, ասելիք: Մեր զրուցակիցն է տիկնիկագործ Անժելա Մարտիրոսյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց տիկնիկագործության և մոտ ժամանակներս Երևանի կենտրոնում բացվելիք «Տիկնիկների թանգարանի» մասին:

Որքա՞ն ժամանակ եք զբաղվում այս հեքիաթային թվացող աշխատանքով՝ պատրաստում տիկնիկներ:

– Իրոք, հեքիաթային է իմ աշխատանքը: 5 տարուց ավելի է, զբաղվում եմ ինձ համար շատ սիրելի աշխատանքով: Նախնական շրջանում փափուկ խաղալիքներ էի պատրաստում, հիմնականում՝ հելունագործ: Ձեռագործությամբ սկսել եմ զբաղվել դեռ շատ փոքր հասակից, նաև սիրում էի նկարել: Ամեն ինչ պայմանավորված է մանկությամբ: Տարբեր կենդանիներ եմ խնամել՝ շուն, կատու, ոզնի, ակվարիում եմ ունեցել՝ շատ գեղեցիկ ձկնիկներով, թութակներ, նույնիսկ՝ կարիճ, որը նվեր էինք ստացել եղբորս կենսաբան ընկերոջից: Կենդանիները միշտ ինձ հետաքրքիր և անօգնական են թվացել, և միշտ մտածում էի, որ կենդանիներին պետք է կարեկցել: Եվ որոշեցի փորձել այդ նույն կենդանիները ստանալ գործվածքի տեսքով՝ հելունագործ խաղալիքներ, որոնք ճապոնական ծագում ունեն (amigurumi): Կոնկրետ տիկնիկներ սկսել եմ պատրաստել շատ ավելի ուշ:

Կարդացեք նաև

– Ո՞վ եք մասնագիտությամբ: Պատմեք Ձեր մասին:

– Մասնագիտությամբ ֆլորիստ–դիզայներ եմ: Ծաղիկները նույնպես իմ թուլությունն են, հատկապես՝ դաշտային ծաղիկները: Ես նրանց բնության մեջ եմ սիրում: Ֆլորիստ-դիզայների որակավորում ստանալուց հետո սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ, զուգահեռ՝ նաև հարսանյաց դիզայնով էի զբաղվում: Աշխատանքից հետո անցնում էի իմ սիրելի գործին՝ խաղալիքներին: Դա իմ հանգիստն էր:

– Ի՞նչ նյութերով եք աշխատում: Կա՞ հատուկ մեթոդ, որը կիրառում եք տիկնիկագործության մեջ:

– Նյութերը շատ տարբեր են, նայած, թե այդ պահին տիկնիկագործության որ ժանրով եմ աշխատում, իսկ դրանք բազմազան են՝ քանդակ,տեքստիլ, գործվածք, և այլն: Ես ուսումնասիրում եմ տիկնիկագործության տարբեր ժանրեր և ընտրել եմ ինձ հոգեհարազատ ժանրերը: Տեքստիլային տիկնիկներն ամբողջությամբ պատրաստում եմ կտորից, իսկ դեմքը նկարում եմ ձեռքով: Գործվածքային տիկնիկներն ու խաղալիքները, բնականաբար, թելից են պատրաստվում: Իսկ քանդակի համար պոլիմերային (չկոտրվող) կավ եմ օգտագործում՝ դեմքը, ձեռքերը, ոտքերը ստանալու համար, իսկ հագուստը կարում եմ կտորից:
– Մինչ օրս քանի՞ տիկնիկ եք պատրաստել, և ի՞նչ ճակատագրի են արժանանում այդ տիկնիկները՝ վաճառվո՞ւմ են, ցուցահանդեսների՞ են մասնակցում, նվիրվո՞ւմ են

 – 300-ից ավելի տիկնիկներ եմ պատրաստել այս ընթացքում: Սկզբնական շրջանում նվիրում էի, չէի վաճառում: Հետո դրանք տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, և մարդկանց մոտ սկսեց հետաքրքրություն առաջանալ՝ պատվիրում էին: Այնուհետև Երևանում կազմակերպվող ցուցահանդեսների հրավերներ ստացա և շատ ակտիվ մասնակցում էի բոլոր ցուցահանդեսներին: Հետո որոշեցի ուժերս փորձել նաև միջազգային հարթակում: Handmade աշխատանքների մի անգլիական կայք կա, որտեղ տեղադրեցի աշխատանքներս: Երկու շաբաթվա ընթացքում աշխատանքներս հայտնվեցին լավագույն հավաքածուների ցանկում, և նամակ ստացա ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Resobox» արվեստի կենտրոնի տնօրեն, ազգությամբ ճապոնացի Տակաշի Իկեզավայից:

Դա 2014 թվականի հոկտեմբերն էր: Տակաշին տեղեկացրեց, որ կազմակերպվում է աշխարհում առաջին անգամ amigurumi-ի ՝ գործած խաղալիքների ցուցահանդես, որին կարող եմ մասնակցել նաև ես: Ոչ մի վայրկյան չհապաղեցի, որոշեցի՝ անպայման մասնակցելու եմ, Հայաստանը չուներ այլ մասնակից: Մասնակցող երկրները թվով 32-ն էին, մասնակցում էին թվով 144 տիկնիկագործներ: Ես նույնպես մասնակցեցի: Պարբերաբար ստանում եմ հրավերներ ԱՄՆ-ից, ամենամյա են դրանք, պարզապես Հայաստանում այնքան շատ անելիք կա, որ դա առայժմ մղվել է հետին պլան: Առիթից օգտվելով՝ ասեմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Երևանի կենտրոնում կբացվի Հայաստանի առաջին տիկնիկների թանգարանը:

Կա՞ն այնպիսի տիկնիկներ, որոնցից երբեք չեք բաժանվի: Ունե՞ք ուրույն ձեռագիր այս ոլորտում:

– Այո, կա այդպիսին, որը դեռ ինձ մոտ է՝ դա իմ սիրելի ու անկրկնելի «Ավանակն» է, որից մոտ ապագայում կամավոր պետք է «հրաժարվեմ»:

Այն նվիրելու եմ նորաբաց թանգարանին՝ որպես աշխարհում amigurumi-ի առաջին միջազգային ցուցահանդեսի մասնակից խաղալիք՝ Հայաստանից, որը շատ սիրվեց Նյու Յորքում և ինձ հաջողություն բերեց: Ի դեպ, այնքան սիրվեց, որ նկարը տեղադրել էին Նյու Յորքի ամսագրերից մեկի շապիկին: Իհարկե, այն միակ աշխատանքը չէր, որով ներկայացել էի ցուցահանդեսին, դրանք թվով 12-ն էին, պարզապես Ավանակը գնահատվեց՝ որպես օրիգինալ աշխատանք: Բոլոր աշխատանքներս սիրված են ինձ համար: Հենց այնպես չեմ որոշում՝ ինչ կերպար եմ ստեղծելու: Դա ինձ պետք է հոգեհարազատ լինի, հոգեհարազատ՝ տրամադրությանս:

Նորաստեղծ աշխատանքներս պետք է որոշ ժամանակ ինձ մոտ մնան, ես պետք է մի քիչ վայելեմ նրանց, նոր հետո ճանապարհեմ, ոմանց ՝ ցուցահանդես, ոմանց՝ նվիրեմ, ոմանց էլ՝ հանձնեմ գործընկերներիս, ում հետ համագործակցում եմ: Աշխատանքներիս մեջ ընդգծում եմ զգացողություններ: Բոլոր տիկնիկներս ունեն տրամադրություն՝ ուրախ, տխուր, մտահոգ, և նրանք անպայման կառավարվող են, այսինքն՝ շարժվում են ձեռքերը, ոտքերը, նստում են, պառկում են: Դա ավելի կենդանի է դարձնում շփումը տիկնիկի և մարդու միջև:

– Դուք նաև Չարենցի կերպարով տիկնիկ էիք պատրաստել և լուսանկարը տեղադրել ֆեյսբուքյան Ձեր էջում: Ինչո՞ւ հենց Չարենց:

– Չարենցն իմ առաջին փորձն էր քանդակի ժանրում: Աշխատանքս ավարտելուց հետո մտահոգված էի նրա ճակատագրով: Մեծ սիրով ներկայացրեցի անցյալ տարի Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցած «Հեղինակային տիկնիկ» մշակութային ցուցահանդեսին: Այժմ Չարենցի տիկնիկը գտնվում է իմ շատ սիրելի ուսուցչի՝ բոլորին շատ լավ հայտնի ու շատ մեծ սեր վայելող նկարիչ Սամվել Սևադայի արվեստանոցում: Ինչո՞ւ որոշեցի Չարենց: Չարենցն ինձ համար չքննարկվող բարձրություն է: Առաջիկայում նախատեսել եմ Առնո Բաբաջանյանի տիկնիկը պատրաստել:

– Ի՞նչ է տիկնիկը Ձեզ համար:

Տիկնիկն ինձ համար մի մեծ աշխարհ է, որտեղ ես անընդհատ նոր բացահայտումներ եմ անում: Այն իր մեջ ներառում է և՛ հոգեբանություն, և՛ փիլիսոփայություն, և՛ անհատականություն, և՛ տրամադրություն… մի խոսքով՝ ամեն ինչ: Այսինքն, այն, խաղալիք լինելուց բացի, կարող է լինել նաև հուշանվեր, սիրելի մի իր, որից մարդը երբևէ չուզի բաժանվել՝ անկախ տարիքից:

– Ինչո՞ւ է երեխան խաղում տիկնիկի հետ:

– Տիկնիկը երեխայի համար շատ կարևոր է: Երեխան շատ անկեղծ է շփվում տիկնիկի հետ, քանի որ տիկնիկն իրեն միշտ լսում է, տիկնիկի կողմից երբեք նկատողություն չի ստանում, ինչը շատ հաճախ ստանում է մեծերի կողմից, հոգ է տանում նրա մասին… Իհարկե, դա նաև ֆիզոլոգիական երևույթների հետ է կապված: Հաստատվելու մի միջոց է, քանի որ, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ փոքրիկն իր տիկնիկի հետ վարվում է այնպես, ինչպես իր հետ վարվում են ծնողները, տղաների դեպքում՝ հայրիկները, աղջիկների դեպքում՝ մայրիկները:

– Տիկնիկը կարո՞ղ է բացասաբար ազդել երեխայի հոգեկերտվածքի վրա: Հատկապես վերջին շրջանի սուպերսեքսի բարբիներն ու վամպիրային վինքսերը: Որպես տիկնիկագործ՝ ի՞նչ խորհուրդ կտաք մայրերին:

– Մայրիկներին շատ կարևոր հիշեցում եմ ուզում անել՝ երեխայի հոգեկերտվածքի կարևոր հիմքերից մեկն էլ տիկնիկն է: Այդ իսկ պատճառով տիկինիկի ճիշտ ընտրությունն անհրաժեշտություն է: Եթե ուշադրություն չդարձնեն այդ կարևոր փաստի վրա, երեխան կմեծանա՝ իր հետ տանելով վախ, սթրես, ագրեսիա և այլն… Իսկ մանկությունը չափազանց կարևոր և որոշիչ փուլ է մարդու կյանքում, ես կասեի՝ ամենակարևոր: Տիկնիկները պետք է շատ զգուշությամբ ընտրել՝ սկսած գույնից, նյութից և, իհարկե, տեսքից:

– Տիկնիկը շատ հաճախ կիրառվում է միստիկ կամ սարսափ ֆիլմերում: Այն իր մեջ յուրահատուկ խորհուրդ է կրում, որը մեծամասամբ բացասական դիտանկյունից են ցուցադրում ռեժիսորները՝ իբրև անհոգի, անկենդան մարդու «լուռ» մարմնացում: Որտեղի՞ց է այդ մոտեցումը:

– Տիկնիկագործության մեջ ևս կա այդպիսի ժանր՝ սարսափ տիկնիկներ, որոնցից ես միշտ հրաժարվում եմ: Դա շատ պատասխանատու քայլ է, առաջինը՝ ինքդ քեզ համար: Իսկ ինչ վերաբերում է ռեժիսորի մոտեցմանը, ապա, իմ կարծիքով՝ նա ընտրության հնարավորություն է տալիս, պարզապես ծնողները պետք է ուշադիր լինեն, թե իրենց երեխան որ տարիքում՝ ինչ ֆիլմ է նայում: Դա նաև դաստիարակչական բնույթ է կրում, այսինքն՝ բարու և չարի ընտրությունն է: Բայց, նորից եմ նշում, դա պետք է շատ ճիշտ և զգույշ մատուցել, քանի որ երեխաները շատ խոցելի են, և ֆիլմն իր վատ ազդեցությունը կարող է թողնել, ինչը վատ հետևանքներ է թողնում երեխայի առողջության և բնավորության վրա: Շատ կարեկցանքն էլ է իր վատ հետևանքները թողնում, երեխան առաջնորդվում է խղճահարությամբ, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Մի խոսքով, պետք է պահպանել ճիշտ բալանս:

– Ինչպիսի՞ն կլիներ Ձեր տիկնիկներով նկարահանված ֆիլմը կամ մուլտֆիլմը: Վերնագրեք այն:

– Իմ նկարահանած ֆիլմը կամ մուլտֆիլմը կլիներ գունագեղ: Կվերնագրեի՝ «Հրաշքները սկսվում են մեզանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս