Ինչպե՞ս է ՀՀԿ-ն Միհրան Պողոսյանի հետ գնում ընտրությունների. Լևոն Զուրաբյանը՝ Արփինե Հովհաննիսյանին
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ և քննարկել կոռուպցիայի դեմ պայքարը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են խոսքերը համատեղվում գործերի հետ:
Նա պարզաբանեց, որ խոսքը «տխրահռչակ» Միհրան Պողոսյանի մասին է` հայտնի որպես «Քեթրինի Միհրան», 2013-ին ԴԱՀԿ-ն մեծ քանակով չինական մեքենաներ էր գնել ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին գրուպից», դրան հետևեց Պանամայի հայտնի սկանդալը, ապա Միհրան Պողոսյանն ազատվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, իսկ ոստիկանության համապատասխան վարչությունը քննություն սկսեց:
«Քիչ էր մնում ուրախանայինք, բայց հետո պարզվել է, որ նրա գործը կարճվել է»,- ասաց Լ.Զուրաբյանը` հարցնելով, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն Մ.Պողոսյանի հետ գնում ընտրությունների:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարության ու որևէ իրավապահ մարմնի միջև կապ տեսնելն ու դիտարկելը այնքան էլ ճիշտ չէ:
Նա ներկայացրեց գործադիրի քայլերի հաջորդականությունը` կոռուպցիոն հանցագործությունների հաղորդագրությունը վերաբերում էր նրան, որ կառավարությունը բարձրացնում է հանրային հաշվետվողականությունը, և կա նախագիծ, որով այն մարմինները, որ իրականացնում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն, պետք է ներկայացնեն հանրությանը` ինչու և ինչ հիմքով կարճվեց վարույթը.
«Այսօր ցանկացած իրավական մարմին որևէ ձևով հաշվետու է լինում հանրությանը` ինչքան սպանություն, ինչքան գողություն, ինչքան խարդախություն է քննվել, և այս համատեքստում կորում է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, և աշխատանքի արդյունավետության հարց է առաջանում»:
Լ.Զուրաբյանի խոսքով` գործի կարճման վերաբերյալ պատասխանը մերժվել է տալ «Հետք»-ին, ասվում է, թե կարճել են, իբր շվեյցարացիները չեն աջակցել, բայց վերջիններիս խոսքով, միջնորդությունը պատշաճ ձևով չի եղել:
Զուրաբյանը նշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ասում է, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն դեպքերի, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի, հանդեպ ոչ պատշաճ մոտեցումը հիմք է հանդիսացել Միհրան Պողոսյանի գործը կարճելու համար: Զուրաբյանը նշեց, որ այդ ցուցանիշով ՀՀ-ն ԹԻ զեկույցում հետընթաց է ապրել. «Եվ այդ բագաժով գնում եք ընտրությունների»:
Ա.Հովհանիսյանը չհամաձայնեց ո՛չ ԹԻ-ի, ո՛չ Լ.Զուրաբյանի հետ:
Ըստ նրա` խնդիր կա, որ վարույթը կարճելու որոշումը չի ներկայացվել, բայց դրան դեռ կանդրադառնան:
Կոռուպցիայի ընկալման համաթվի ԹԻ զեկույցում ՀՀ-ի հետընթացի վերաբերյալ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ ըստ էության այդ նահանջը պայմանավորած է ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններին ու դրանց արդյունավետությանը, այլ նրան, որ այդ սանդղակում ընգրկված պետություններն են իրենց ցուցանիշները բարելավել, իսկ բովանդակային առումով, նաև ԹԻ-ն է ֆիքսում, ՀՀ-ում բացասական ոչ մի փոփոխություն չկա: