«Անկախ ՀՀ-ում կայանալիք ընտրությունների որակից՝ ԵՄ-ն կցանկանա ստորագրել համաձայնագիր Հայաստանի հետ»

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը

– Օրերս կայացավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա  Քրիստիան Դանիելսոնի այցը Հայաստան, ում հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բացահայտեց, որ առաջիկայում կայանալու է Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, և, ըստ  էության, դա համընկնում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի հետ։ Այցը, ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար։ Այցի օրակարգն ինչպիսի՞ն կարող է լինել։

– Հայաստանը չի ցանկանում հրաժարվել  եվրոպական վեկտորից, ավելին, փորձում է հնարավորինս պահել  այդ վեկտորը և որքան հնարավոր է՝ խորացնել՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունի  Եվրասիական տնտեսական  միությանը մաս լինելու հետևանքով։ ՀՀ-ն ու ԵՄ-ն շահագրգռված են հնարավորինս  ուժեղացնել այդ հարաբերությունները՝ թույլ չտալով, որպեսզի  այդ հարաբերությունների ուժգնությունը նվազի։ Բայց հարցն այն է, որ կան խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման հետ կապված, որը նույնիսկ իր անվանումը դեռ չունի։

Ըստ էության, եթե 2013թ. մենք խոսում էինք ԵՄ-ի հետ  լիարժեք սերտացման, ինտեգրման մասին, ապա  այսօր պետք է հասկանանք, որ խոսքը հատվածային  հարաբերությունների  և համագործակցության մասին է, ինչը գլոբալ առումով կարող է  շատ մեծ ազդեցություն չունենալ ո՛չ ՀՀ տնտեսության, ո՛չ  քաղաքականության վրա, այսինքն՝ Հայաստանն արդեն իսկ զրկվեց իր հնարավորությունից 2013 թվականին։

Ներկայումս այն բեկորներից, որոնք մնացել են 2013 թվականից,  փորձում է  խճապատկեր ստանալ՝ դա համարելով եվրոպական վեկտոր։ Բայց, իհարկե, ասեմ, որ այդ վեկտորը շատ վնասված է,  ավելին, այդ  բացերը լիովին լրացնելը դժվար է։ Հայկական կողմը մաքսիմալ կերպով փորձում է  անել հնարավորը, եվրոպական կողմը, ըստ էության, ևս, բայց տպավորություն է, որ խոչընդոտները շատ ավելի շատ են։

– Այսինքն` այս այցով վերահաստատվելո՞ւ է Հայաստանի հանձնառությունը՝ ստորագրել այս համաձայնագիրը, և  այս սահմանափակումների պայմաններում  ԵՄ-ի հետ հարաբերությունները հնարավորինս շարունակելու ցանկությունը։

– Այո, իհարկե, կարծում եմ, որ ՌԴ-ն ևս շահագրգռված է, որպեսզի Հայաստանը  համագործակցի ԵՄ-ի հետ, բայց այն չափով, որքանով անհրաժեշտ է, սա է հարցը։ Այսինքն՝ ներկայումս  սահմանափակումները հստակեցված են, և կարմիր գծերը գծված են, մնում է տեխնիկապես ամեն ինչ բերել  այն տեսքին, որ հնարավոր լինի  ստորագրել այդ փաստաթուղթը։ Բայց կրկին ասեմ, որ  ստորագրվելիք համաձայնագրի ազդեցությունն իսկապես  անհամեմատելի է լինելու 2013թ. փաստաթղթի հետ, որից միայն կարելի է եզրակացնել, որ Հայաստանը  լրջորեն հետքայլ կատարեց եվրոպական ինտեգրման մասով։

– Այս օրերին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը  հաճախակի է անդրադառնում այն ֆինանսավորմանը, որը տրամադրել է  եվրոպական կողմը Հայաստանի  ընտրական գործընթացների համար։ Այսինքն՝ ԵՄ-ն  ակնկալում է, որ Հայաստանում կկայանա ժողովրդավարական գործընթաց։ Կարելի է նաև ենթադրել, որ համաձայնագիրը մինչ ընտրությունները չի ստորագրվի, թեև  եվրոպական կողմը մշտապես պնդում է, որ  չի միջամտում, չի առաջնորդվում ներքին քաղաքականությամբ,  այնուամենայնիվ, ընտրությունների որակն ինչպե՞ս կանդրադառնա համաձայնագրի ստորագրման ժամկետների և ընդհանրապես ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակի վրա։

– 2017թ. ապրիլյան ընտրություններն իսկապես շրջադարձային են լինելու, որովհետև  փաստացի մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, որը  լինելու է ամենակարևոր օղակը հետագա տարիների համար՝ այս Սահմանադրության տրամաբանության և շրջանակի պայմաններում։ ԵՄ-ն կամ որևէ  այլ երկիր չի կարող հաշվի չնստել, թե որ  ուժերն են  լինելու գերիշխող,  արդյոք կլինի իշխանափոխությո՞ւն,  արդյոք կլինեն  նոր ուժե՞ր, կլինի կոալիցիոն կառավարությո՞ւն։

Հասկանալի է, որ այստեղ մեծապես  դրված է վարչապետի հարցը, թե ով է լինելու վարչապետը։ Վարչապետի անձը շատ կարևոր է լինելու արտաքին  քաղաքականության հարցում, քանի որ  աստիճանաբար  նվազելու են նախագահի լիազորությունները, և պարզ է, որ կարևոր է լինելու, թե որ քաղաքական ուժն է իշխելու, ինչպես է այդ ուժը գալու իշխանության, ինչպիսի դժգոհություններ են  լինելու ընտրություններից հետո, թե՞ կլինի՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, համաձայնության կառավարություն։

Այս ամենը կարևոր է, կարևոր է նաև, թե ինչպիսի դերակատարություն Ռուսաստանը կունենա, քանի որ ՌԴ-ն  ավելի ու ավելի է ամրապնդում իր ներկայությունը Հայաստանում, Կարեն Կարապետյանի  միջոցով՝ մասնավորապես, ռուսական կապիտալի աճով։ Սրանք բոլորն ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների վրա միանշանակ։ Ուստի ԵՄ-ն կսպասի որոշակիորեն, որպեսզի ավարտվեն այդ գործընթացները, որից հետո  պարզ կդառնա, թե ինչ ընթացք է ունենալու գործընթացը։ Բայց եվրոպական կողմը կցանկանա ստորագրել այդ փաստաթուղթն ամեն դեպքում Հայաստանում  իր ներկայությանն իրավական հենք տալու համար։

Բայց ցանկանում եմ, որպեսզի սլաքները դեպի ներս ուղղենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ցանկանում, ինչպիսի երկիր  ենք ցանկանում կառուցել, ինչպիսի տեսլական ունի Հայաստանն իր քաղաքականության, տնտեսության վերաբերյալ, ինչպիսի հասարակություն է ցանկանում ունենալ, ինչ ռազմավարություն։ Անորոշությունը պետք է պատռել ու հստակություններ մտցնել։

Տեսանյութեր

Լրահոս