Աբդուլ Համիդի թոռը մտափոխվել է. նա հետ չի պահանջի հայ ճարտարապետին պատկանած կղզին

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի թոռնուհին՝ Նիլհան Օսմանօղլուն, գրավոր հայտարարությումբ հերքել է Գալաթասարայ կղզին որպես Աբդուլհամիդի ժառանգ հետ պահանջելու մասին լուրերը:

Օսմանօղլուն, Գալաթասարայ կղզու նկատմամբ հավակնությունների մասին մամուլում հայնտված լուրերին անդրադառնալով, նշել է, որ դիտավորյալ են այժմ առաջ բերվում 3.5 տարի առաջ իր մասնակցությամբ մի հաղորդման ժամանակ կղզին պահանջելու մասին պնդումները: Նրա կարծիքով՝ ժամանակին, երբ թերթերը հրապարակում էին Աբդուլ Համիդի ունեցվածքի ցանկը, որևէ մեկը չէր արձագանքում, իսկ հիմա բոլորը մեկ են եղել,  իր դեմ թակարդ են լարել և քարոզարշավ են իրականացնում:

Նիլհան Օսմանօղլուն հերքել է, որ պահանջելու է վերականգնել իր իրավունքները կղզու նկատմամբ՝ նշելով. «Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք ունեցվածքի, սուլթանության սիրահար չեմ եղել: Եթե արձագանքները ընտանեկան ժառանգությանն են վերաբերում, ապա հասարակությանը տեղեկացնում եմ, որ Աբդուլ Համիդ սուլթանից մնացած ոչ մի ունեցվածքի համար դատարանից սեփականության իրավունք չեմ պահանջելու, ժառանգորդ չեմ լինելու»:

Ուշագրավ է, որ  մամուլում Օսմանօղլուի պահանջատիրության մասին հրապարակումներից  հետո, նրան պատասխանել էր Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը:

Ակումբի հայտարարության մեջ ասվում էր, որ կղզին արդեն 60 տարի է ֆուտբոլային ակումբի սեփականությունն է: Հայտարարության մեջ նաև պատմական ակնարկ էր արվում, որից պարզ է դառնում, որ կղզին իրականում պատկանել է Օսմանյան կայսրության հայտնի հայ ճարտարապետների տոհմին՝ Պալյաններին:

Ըստ այդմ՝ կղզին պալատական ճարտարապետ Սարգիս Պալյանին 1872 թվականին նվիրել է Աբդուլազիզ սուլթանը: 1874 թվականին այնտեղ է հյուրընկալվել հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս