Ադրբեջանն ու Ուկրաինան արգելել են Լեռնային Ղարաբաղից ու Դոնբասից ապրանքների ներկրումը
Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են թույլ չտալ այն ապրանքների ներկրումը իրենց երկիր, որոնք արտադրվել են «Բաքվի ու Կիևի վերահսկողության սահմաններից դուրս»՝ Լեռնային Ղարաբաղում ու Դոնբասում, Interfax-ին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։
«Պյոտր Պորոշենկոյի՝ Բաքու այցի ժամանակ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել ապրանքների ներկրման հարցը, որոնք մատակարարվում են երկու երկրների օկուպացված տարածքներից։
Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են ու մշակել մեխանիզմ, որի համաձայն՝ այդ տարածքների ապրանքները կարող են մատակարարվել միայն այն դեպքում, եթե լիզենցավորված են Կիևի ու Բաքվի կողմից»,- ասել է Միշչենկոն։
Դիվանագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն Բաքվի հավանության դեպքում։
Նմանատիպ սխեմա կկիրառի Ադրբեջանը Դոնբասից մատակակարվող ապրանքների նկատմամբ։
«Օրինակ՝ շամպայնների մակնշումը։ Եթե այնտեղ գրված է Ուկրաինա, Արտեմովսկի գործարան (Դոնբաս), նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե ինչ-որ Նովոռոսիա կամ այդ ոգով ինչ-որ բան, ապա բնականաբար Ադրբեջանը դրանք չի ընդունի։ Նմանատիպ մոտեցում կկիրառվի նաև Լեռնային Ղարաբաղի ապրանքների նկատմամբ»,- ասել է Միշչենկոն։
«Կանոնները սկսել են գործել միանգամից, երբ նախագահները հանձնարարականներ տվեցին։ Կարիք չկա ստորագրել ինչ-որ միջպետական համաձայնագրեր։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է մաքսային կառույցների ղեկավարների կողմից»,- հավելել է Միշչենկոն։