Միջգերատեսչական և միջհամալսարանական ծրագրերը կընդլայնեն հայաստանցի ուսանողների՝ արտասահմանում սովորելու հնարավորությունները
Միջգերատեսչական, միջհամալսարանական և Եվրամիության մի շարք ծրագրեր ներկայում ուսումն արտասահմանյան բուհերում շարունակելու հնարավորություն են տալիս հայաստանցի ուսանողներին: Այդ հնարավորությունները տարեցտարի ընդլայնվում են: Այս ուղղությամբ ԿԳ նախարարությունն աշխատանքներ է իրականացնում՝ ընդլայնելու միջգերատեսչական, իսկ համալսարանները՝ երկկողմանի համաձայնագրերի շրջանակները: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում ասացին ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությունից և պետական մի քանի համալսարաններից:
Ներկայում համալսարանները, միջգերատեսչական, երկկողմանի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող համաձայնագրերով, ուսանողներին սովորելու հնարավորություն են տալիս ռուսաստանյան, եվրոպական, ամերիկյան համալսարաններում: Օրինակ՝ ԵՊՀ-ն, ԵՊՄՀ-ն, ԵՊԲՀ-ն, տարբեր ծրագրերի շրջանակներում, առավել ինտենսիվորեն համագործակցում են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի համալսարանների հետ: ԵՊՄՀ-ից 2015-2016, 2016-2017 ուստարիներին արտերկիր ուսման է գնացել 20 ուսանող՝ 6-ը 2015-2016-ին, 14-ը՝ 2016-2017ուստարում: ԵՊԲՀ-ից 2014-2016 թթ.՝ 111 ուսանո ղ: ԵՊՀ-ից 2014-2015 ուստարում գնացել են շուրջ 45 երկրներ, որից մոտ 35-ում՝ ուսանողներ, 40-ում՝ դասախոսներ: Նրանցից Ռուսաստան է գնացել 25 ուսանող, Ֆրանսիա՝ 9, Գերմանիա՝ 12:
ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանն ասում է, որ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում հայաստանցի ուսանողներին ամենամեծ թվով անվճար տեղեր հատկացնում է Ռուսաստանը, այս տարվա տվյալներով՝187 տեղ, հաջորդ տեղերում են Չինաստանը, Հորդանանը, Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան: Այժմ, Հայաստանը միջպետական պայմանագրեր ունի արտասահմանյան շուրջ 47 երկրի բուհերի հետ: Համագործակցությունների շրջանակներում 2012թ. սկսած արտասահմանյան բուհեր են մեկնել շուրջ 240 հայաստանցի ուսանողներ: ՀՀ նախարարությունը տարեցտարի ընդլայնում է միջպետական համագործակցության շրջանակները: Այժմ համագործակցության նախագիծ է ներկայացվել Ճապոնիային:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ Միջպետական պայմանագրերի շրջանակներում ԵՊՀ-ից, օրինակ, մեկնում են հիմնականում Հորդանան, Քուվեյթ, Եգիպտոս: Նախորդ տարի Քուվեյթ է մեկնել 6 ուսանող, Հորդանան՝ 20, Եգիպտոս՝ 4-5:
Համալսարանների ուղղակի՝ երկկողմանի համագործակցությունն արտասահմանյան բուհերի հետ ևս պակաս կարևոր չէ:
ԵՊԲՀ-ն, օրինակ, ուղղակի կապեր ունի 28 եվրոպական, ամերիկյան և ռուսաստանյան բժշկական ուսումնական հաստատությունների հետ: Համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի խոսքով՝ համալսարանը ուղղակի համագործակցության շրջանակներում կաշխատի ավելացնել ուսանողների քանակը, քանի որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերը ֆինանսական առումով սահման ունեն:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն ասում է, որ ԵՊՀ-ն ևս ընդլայնում է միջբուհական համաձայնագրերի շրջանակները: Նախորդ տարի բուհը եռակողմ համաձայնագիր է կնքել ՌԴ Հարավային դաշնային պետական համալսարանի հետ, որում ընդգրկված են երկու համալսարաններ և ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվելու է երեք կողմերից: Համալսարանն ունի նաև 60-ից ավել արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի, Իտալիայի և այլ գործընկերների հետ: Վերջին շրջանում դրանց ծավալը ևս ավելացել է : Համագործակցող երկրների թիվը հիմնականում մնում է նույնը, բայց նույն երկրներում տարբեր համալսարանների հետ համագործակցությունն ընդլայնվում է: Օրինակ՝ անցած տարի նոր պայմանագրեր են կնքվել ռումինական, ռուսական, գերմանական, չեխական և մի շարք այլ համալսարանների հետ:
ԵՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանն ասում է, որ ԵՊՄՀ-ի և արտասահմանյան բուհերի միջև երկկողմանի համաձայնագրերը ֆինանսավորվում են համալսարանի, գործընկեր համալսարանի, ինչպես նաև Երիտասարդական հիմնադրամի կողմից:Համալսարանը նաև ունենում է ծրագրեր, որոնք կատարվում են որևէ ֆակուլտետի նախաձեռնությամբ:
«Իսկ Եվրամիության ծրագրերի շրջանակներում արտասահմանյան բուհեր մեկնած ուսանողների կացարանի և այլ ծախսերը հոգում է համապատասխան ծրագիրը: Ծրագրերը, կախված բնույթից, տարբեր տևողությամբ են: Վերջին շրջանում ընդլայնվել է հատկապես կարճատև տևողությամբ Ամառային դպրոցի աշխարհագրությունը: Ծրագրերն ունեն մասնագիտական ուղղվածություն, օրինակ` Հունգարիայի հետ համագործակցությունն իրականացվում է միայն պատմության և իրավագիտության ֆակուլտետների համար: Ծրագրերին մասնակցում են հատկապես Հատուկ կրթության, Սկզբնական կրթության, Պատմության և Իրավ ագիտության ֆակուլտետի ուսանողները: Տրվում է հայտարարություն, թե ովքեր կարող են մասնակցել ծրագրին, հետո ստուգվում է օտար լեզուների իմացությունը, մոտիվացիան, ուսումնական առաջադիմությունը, վերջնական ընտրությունն իրականացնում է ընդունող համալսարանը: Հետո նրանք վերադառնում են Հայաստան՝ կիսատ թողած ուսումը շարունակելու»,- ամփոփում է Քրիստինա Ծատուրյանը:
ԵՊՀ-ն ևս, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Tempus ծրագրի շրջանակում իրականացվող Picaso նախագծի անդամ է: Վերջին երեք տարում առավել ակտիվ համագործակցություն իրականացվում է Ռուսաստանի, Գերմանիայի,Վրաստանի հետ: