«Ձեր կարծիքով՝ ի՞նչ, մենք է՞լ պետք է գնանք պասպորտի քսերոքս հավաքենք». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին
«Քիչ հետո դուք պետք է քվեարկեք, թե արդյո՞ք ԱԺ օրակարգ պետք է ընդգրկվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր հեղինակած օրինագծի մասին։
Նրա խոսքով՝ այդ որոշումը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի երբևէ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, առանց բացառության, բոլոր անձանց գույքային վիճակը, նրանց եկամուտների և ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը։ Նա նշեց, որ Պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է հարցը, և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ բերելով մի շարք հակափաստարկներ։
«Հակափաստարկներից մեկն այն է, որ հիմա ՀՀ-ում գործում է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմ, սակայն մենք բոլորս գիտենք, որ այդ մեխանիզմը չի ներառում հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված բոլոր փոխկապակցված անձանց։ Դրանից դուրս են մնում բոլոր հարազատները, մերձավորները՝ բացի ամուսնուց և համատեղ ապրող չափահաս զավակից և ծնողից։ Այսինքն՝ մի մեծ շրջանակ դուրս է մնում։ Որևէ մեխանիզմ չկա ստուգելու՝ հայտարարագիր ներկայացրած պաշտոնյան ճի՞շտ, թե՞ սխալ տվյալներ է ներկայացնում։ Հայտարարագրերից հասկանում ենք, որ ՀՀ պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն եկամուտները, որ գտնվում են ՀՀ տարածքում, հետևաբար՝ այն գույքը, որ գտնվում է ՀՀ-ից դուրս, հայտարարագրման այս մեխանիզմից դուրս է մնում։ Այս փաստը հատուկ կարևորություն ունի այն ահազանգերի հիման վրա, որ ամեն տարի Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվում մի քանի հարյուր միլիոն, միլիարդ դոլար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նա նկատեց, որ հայտարարագրման մեխանիզմը փոփոխությունների և բարեփոխումների կարիք է զգում։ Պատգամավորի խոսքով՝ այս քննարկումների փուլում ասվում է՝ «կարո՞ղ է՝ նախընտրական փուլի հետ կապ ունի այս նախագիծը». «Եթե նույնիսկ նման մեկնաբանություն կա, նման մեկնաբանությունը բացարձակապես չի վախեցնում, որովհետև մեզ համար ընդհանրապես ընտրական և քաղաքական պրոցեսն առաջին հերթին՝ քաղաքական բովանդակության և քաղաքական մոտեցումների և մեխանիզմների քննարկման հարթակ է, և ոչ թե, ասենք, պասպորտների քսերոքսներ հավաքելու գործընթաց։
Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք գրանցված եք։ Խնդրում եմ՝ պարզաբանել։ Երբ Հանրապետականի մեծամասնությունն ասում է՝ այ, դուք, կարո՞ղ է՝ այս ընտրական փուլում ինչ-որ քաղաքական բան եք ուզում, ձեր կարծիքով՝ ի՞նչ, մենք է՞լ պետք է գնանք պասպորտի քսերոքս հավաքենք»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ն. Զոհրաբյանը նաև նշեց, որ ինքը կողմ է սահմանադրագետների վեճին՝ ապրիլի 2-ին ընտրությունների օր նշանակելու հետ կապված, բայց սխալ է համարում, երբ խնդիրն էմոցիոնալ դաշտ է տեղափոխվում. «Իսկ եթե ապրիլի 2-ին մեզ հաջողվի անցկացնել իսկապես ազատ և արդար ընտրություն, որ կձևավորի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, փամփուշտի փողը չի գողանա, չե՞ք կարծում, որ դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքն ապրիլի 2-ին զոհված երեխաների հիշատակին»։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների օրը վերանայելու համար։