Տաքսի պատվիրելու լավագույն հավելվածները Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է օնլայն տաքսի պատվիրելու մշակույթը: Մեզ արդեն հայտնի անունների կողքին կան ոչ այնքան հայտնի հավելվածներ, որոնք ևս առաջարկում են մատչելի և որակյալ ծառայություն:

168.am-ն առաջարկում է ծանոթանալ Հայաստանում գործող տաքսի պատվիրելու լավագույն հավելվածներին: Այս հավելվածները հասանելի են թե՛ iOS-ի և թե՛ Android-ի օգտատերերի համար:

ggtaxi

Gglaboratories-ը ներկայացնում է ggtaxi մոբայլ հավելվածը:  gg-ն հարթակ է, որի միջոցով կարելի է տեղաշարժվել Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև, ավտոմեքենա ունենալու պարագայում, կարելի է գումար վաստակել:

Կարդացեք նաև

Ընկերությունը, որպես իրենց մատուցած ծառայության առավելություններ, նշում է հետևյալ հնարավորությունները.

  • Մեքենայի պատվեր առանց զանգի, ընդամենը երկու հպումով:
    • Կարող եք նախորոք նշել, թե ինչ վարք եք ակնկալում վարորդից, օրինակ` վարորդը չծխի, չխոսի, երաժշտություն չմիացնի, շտապ մոտենա, և այլն:
    • Պատվերն ընդունելու դեպքում տեսնում եք մեքենայի մոտենալը հեռախոսի էկրանին, ինչը բացառում է վարորդի խաբելը` «հես ա կմոտենամ» ծանոթ արտահայտությամբ, և ուշանալը:
    • Վարորդները ռեյտինգավորվում են, և կարող եք գնահատել վարորդին, իսկ բացասական գնահատական ստացած վարորդն այլևս չի մոտենա ձեզ: Բացասական արձագանքների որոշակի քանակի դեպքում վարորդը դուրս կմնա համակարգից:
    • Կարող եք մեքենայով որևէ իր ուղարկել և քարտեզի վրա հետևել, թե որտեղով է գնում մեքենան և երբ է տեղ հասնում:
    • Կարող եք խրախճանքից կամ երեկույթից հետո գինովցած հյուրերին ճանապարհել ու քարտեզի վրա հետևել, որպեսզի նորմալ տեղ հասնեն:
    • Եթե մեքենայի մեջ որևէ  իր մոռանաք, ապա այն երբեք չի կորի, որովհետև համակարգում գրանցվում են բոլոր մեքենաների տվյալները:

gg-ն պարբերաբար հանդես է գալիս նորություններով: Պարբերաբար ավելանում է ընկերության կողմից սպասարկվող քաղաքների թիվը, ինչպես  նաև ավելանում են նոր ծառայությունները:

Ինչպես 168.am-ը նախորդ հրապարակումներում պատմել է, ընկերության ներկայացրած նոր ծառայության միջոցով  հնարավոր է տեղափոխել կահույք, տեխնիկա և ցանկացած այլ բան, որը չի տեղավորվի սովորական ավտոմեքենաներում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բեռնատար մեքենաները հարմար կլինեն թե՛ անհատների և թե՛ ձեռնարկությունների համար:

Mobi Taxi

MobiTaxi-ն  Հայաստանում գործող միջազգային ընկերություն է, որն ընդամենը մեկ հպումով առաջարկում է ստանալ տաքսի ծառայություններ:

Կանչ կատարելուն զուգահեռ՝ MobiTaxi-ն կապ է հաստատում մոտակա ազատ վարորդի հետ՝ տեղեկատվություն տրամադրելով մոտեցող մեքենայի և վարորդի տվյալների վերաբերյալ:

Այն հնարավորություն է տալիս քարտեզի միջոցով միաժամանակ հետևել  ձեզ մոտեցող մեքենայի ընթացքին։ Մեքենայի ժամանման մասին տեղեկանում եք հաղորդագրության միջոցով։ Պատվերի ավարտին կարող եք գնահատել վարորդին:

Տաքսիներից օգտվելու մինիմալ արժեքը 600 դրամ է, այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրն արժե 100 դրամ: Քաղաքից դուրս սակագները չեն փոփոխվում:

Որպես իրենց մատուցած ծառայության առավելություն՝ ընկերության ներկայացուցիչները նշում են, որ Mobi taxi-ն ունի  ամենամեծ տաքսիպարկը Հայաստանում, բոլոր մեքենաներում կա Wi-Fi կապ, առցանց տեղեկատվություն  է տրամադրվում տաքսի ծառայության ծավալի և արժեքի մասին, վարորդը GPS-ի միջոցով գիտի հաճախորդի գտնվելու հստակ վայրը:

Yandex Taxi

2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է Yandex Taxi-ն:

Ի սկզբանե Yandex Taxi-ն առանձնացավ Հայաստանի շուկայում նրանով, որ առաջարկեց  100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրի վճարը՝ 100 դրամ:

Սկզբնական շրջանում ընկերությունն աշխատում էր հենց այս սկզբունքով, սակայն հետագայում գումարի հաշվարկման մեխանիզմը փոխվեց:

Այժմ ծառայությունից օգտվելուց առաջ օգտատերերին զգուշացնում են, որ գումարը կհաշվարկվի նոր սկզբունքով: Սկզբունքի կիրառումը կախված է պատվերը կատարելու ժամից: Եթե պատվեր եք կատարում պիկ ժամի, ապա մեկ կիլոմետրը կարող է արժենալ ավելին, քան 100 դրամը:

Այսպիսով, մինիմալ սակագինն օրվա ժամից կամ քաղաքի հատվածից կախված տատանվում է 100-ից մինչև 170 և ավելի դրամի սահմաններում:

Taxi Armenia

Taxi Armenia-ն նորեկ է Հայաստանում: Նոր հավելվածը, ի տարբերություն մյուսների, առաջարկում է մինիմալ 5 կմ-ի համար 500 դրամ սակագին: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրը կարժենա 100 դրամ: Ընկերության առաջարկած սակագները նույնն են թե՛ Երևանում և թե՛ քաղաքից դուրս:

Taxi Armenia օնլայն հավելվածի ներկայացուցիչները նշում են, որ առաջարկում են բացառիկ պայմաններ վարորդների համար: Մինչև 6,1 կմ-ը գրասենյակը միջնորդավճար չի գանձում: 6.1 կմ-ից սկսած` գանձվում է ընդամենը 100 դրամ՝ անկախ պատվերի արժեքից։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս