«Հայաստանում կանացի առավել տարածված օնկոլոգիական խնդիրների առաջին շարքում կրծքագեղձի քաղցկեղն է». գինեկոլոգ-ուռուցքաբան

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով այսօր հրավիրված քննարկման ընթացքում բանախոսներ՝ գինեկոլոգ-ուռուցքաբան. բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը, ուռուցքաբան. բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը և ուռուցքաբան-օրթոպեդ, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը խոսեցին Հայաստանում ուռուցքաբանության նոր նվաճումների և չլուծված խնդիրների մասին, անդրադարձ կատարեցին նաև Հայաստանում ախտորոշման, բուժման, բարդ վիրահատական առավել արդյունավետ մեթոդների բացակայությանը և դրանց հետևանքներին։

Ասուլիսի մեկնարկին Արտեմ Ստեփանյանը նկատում է՝ ուռուցքաբանությունն ու չարորակ ուռուցքներն ամենաքիչ ուսումնասիրված և հետազոտված հիվանդություններից են: Մասնագիտությունը սրընթաց զարգանում է, և ամեն տարի կարելի է նոր ձեռքբերումներ գրանցել.

«Այսօր ողջ ուռուցքաբանության ոլորտը զարգանում է մեկ ուղղությամբ՝ գեների ուսումնասիրության և դրանով պայմանավորված գործոնների բացահայտման: Հեղափոխական նվաճումներ դեռևս չեն արձանագրվել, բայց առաջընթացն ակնհայտ է: Ոլորտի առաջընթացները սերտորեն կապակցված են ներդրումների հետ, և այս առումով մեր երկրում ուռուցքաբանության առաջընթացը շաղկապված է Հայաստանի առողջապահության ոլորտում եղած ներդրումների չափին»:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում կանացի առավել տարածված օնկոլոգիական խնդիրների առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, որը կանանց մոտ առկա բոլոր տեսակի քաղցկեղների 50 տոկոսից ավելին է.

«Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ապա մենք շատ վաղուց արդեն սա չենք համարում մահացու հիվանդություն: Հիմա արդեն մեզ հաջողվում է անել այնպես, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն ուղղակի լիարժեք բուժվում են: Երկրորդ տեղում արգանդի վզիկի և արգանդի քաղցկեղն է, որի բուժման հաջողությունները ևս առկա են: Բուժման տեսակետից ամենավատ վիճակում ձվարանի քաղցկեղն է, սակայն այս ուղղությամբ ևս մենք մեծ նվաճումներ ունենք, պարզապես ձվարանների քաղցկեղն առավել հաճախ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, երբ այն արդեն համարվում է անբուժելի»:

Ուռուցքաբան-օրթոպեդ Գալուստ Գալուստյանն անդրադառնալով ոսկրային համակարգում օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերմանը՝ նկատում է.

«Ոսկրային ուռուցքները հիվանդությունների մի մեծ խումբ է, որը հիմնականում ախտահարում է երեխաներին, երիտասարդ տարիքում գտնվողներին և իրենից ներկայացնում է շատ լուրջ խնդիր: Հիվանդության առկայության դեպքում շատ մեծ է քիմիաթերապևտների դերը, որոնք անցկացնելով նախավիրահատական բուժում՝ կարողանում են համապատասխան պայմաններ ստեղծել վիրաբույժների համար՝ պահպանելու համար վերջույթը»:

Բանախոսը նկատում է՝ տվյալ հիվանդության պարագայում մեծամասամբ ախտահարվում են հիվանդի երկար խողովակավոր ոսկրերը: Վերջին տարիներին հիվանդության այս տեսակի կանխարգելման ուղղությամբ ևս նվաճումներ են գրանցվել՝ զգալիորեն նվազեցնելով հիվանդների մոտ անդամահատման ոչ ցանկալի լուծումները: Ուռուցքաբան-օրթոպեդը հորդորում է՝ շատ հաճախ տրավմայի դիմակի տակ գործ ունենք նոր սկսվող ուռուցքային պրոցեսի հետ, այդ իսկ պատճառով բժշկի օգնությանն ավելի շուտ դիմելու պարագայում հնարավոր է խուսափել անցանկալի և ողբերգական զարգացումներից:

Ուռուցքաբան Լևոն Բադալյանն ամփոփելով այս ոլորտում առկա պատկերը՝ նկատում է՝ ընդհանուր համակարգային զարգացում կարծես չի նկատվում, սակայն Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտն արագ տեմպերով զարգացումներ է գրանցում՝ առավել հաճախ արտասահմանում կրթություն ստացած անհատ մասնագետների կամ խոշոր ներդրումներ ապահովող անհատ կլինիկաների ունեցած նվաճումների շնորհիվ.

«Ուռուցքաբանության մեջ առկա են կոնկրետ ուղղություններ, որոնք վերջին տարիներին բավականին մեծ զարգացումներ են գրանցել: Որպես օրինակ կարող եմ բերել իմ կողքին նստած Արտեմ Ստեփանյանի կողմից կատարվող վիրահատությունները, որոնք նույնիսկ համաշխարհային մակարդակով համարվում են բարձրագույն պրոֆեսիոնալիզմի դրսևորումներ: Կան նաև մասնագետներ, որոնք տիրապետում են հատուկ մեթոդներով ուռուցքների լոկալ ոչնչացման մեթոդներին: Նմանօրինակ նորագույն մեթոդներ առկա են ինչպես ախտորոշման՝ բարդ հասանելի ուռուցքների բիոպսիաների, այնպես էլ՝ բուժման ոլորտներում»:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի հաղորդած տվյալների՝ 2016 թվականին Հայաստանում քաղցկեղի 8400 նոր դեպք է արձանագրվել, ուռուցքային հիվանդություններով հիվանդացությունն անցյալ տարի, 2015 թվականի համեմատ, գրեթե չի փոխվել: Ներկայումս դիսպանսերային հսկողության տակ է շուրջ 41.000 հիվանդ:

 

Տեսանյութեր

Լրահոս