Բաժիններ՝

«Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար». Դեսպան Միլզ

««Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ»,- այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ՝ ամփոփելով դեսպանատան 15 ամիսների գործունեությունը, ծրագրերն և ուղեգծերը, տեղեկացրեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան առաջին` բիզնեսի և առևտրային կապերի խորացման գերակայությանը:

Նա նշեց, որ տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ինքն առանձնացրել էր գործարար կապերի խորացումը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, և ուրախությամբ փաստեց վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը:

«2016 թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում, և առաջին ամերիկյան ներդրումը՝ Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն` «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները:

2018թ. Ամուլսարը կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. Շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի: Ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ ՀՀ-ում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին հմապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած չափանիշներին»,- մանրամասնեց դեսպան Միլզը:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Նրա որակմամբ՝ այս երկու ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, և դրա հետ մեկտեղ՝ նրանք նաև խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս