Սեյրան Օհանյանը 2008 թվականից ԵԿՄ անդամ չէ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 թվականից հետո այլեւս Երկրապահ կամավորականների միության անդամ չէ, բայց այս տեղեկությունը մեզ հետ զրույցում զգուշացավ հաստատել կազմակերպության խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Ինձ համար անակնկալ էր այդ հարցը, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել դրան: Ես հիմա ԵԿՄ-ում չեմ, որ քարտադարանում ստուգեմ, թե արդյոք պարոն Օհանյանը կազմակերպության անդա՞մ է»,- երեկ մեզ հետ զրույցում խուսափեց պատասխանել Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2008թ., երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը դարձել էր ընդդիմություն եւ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իշխանությունների կողմից նրա նկատմամբ որոշակի ճնշումներ սկսվեցին: Այդ ճնշումներից մեկն էլ այն էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ մեկուկես տասնյակ համախոհներով հայտարարեց, որ լքում է ԵԿՄ-ն:

ԵԿՄ-ում էլ, մեր տեղեկություններով, որոշում են կայացրել այդ խմբին հեռացնել կազմակերպությունից, քանի որ նրանք դուրս գալու մասին դիմում չէին ներկայացրել: Իսկ հետագայում, երբ Մ. Գրիգորյանը վերսկսեց համագործակցությունը իշխանությունների եւ Ս. Օհանյանի հետ, վերջինս ԵԿՄ-ում իր անդամությունը վերականգնելու համար նոր դիմում չի ներկայացրել: Եվ այդ ժամանակվանից նա ԵԿՄ անդամ չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս