Կոռուպցիայի դեմ պայքարը խստացվել է… միայն թղթի վրա
«Հակակոռուպցիոն այն կարգավորումները, որոնք նոր օրենքով, որն այսօր արդեն Arlis համակարգում հասանելի է, ավելի լավ հակակոռուպցիոն կանխարգելիչ մեխանիզմներ են, քան նախկին օրենքը։ Այդ իմաստով՝ այո, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը համարձակ են, մնում է՝ այդ ամենը թղթից անցնի գործնական հարթություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության ներկայացուցիչների հայտարարությունը, թե «գնումների ոլորտում գնում ենք հակակոռուպցիոն համարձակ քայլերի», և նախորդ շաբաթ Ֆինանսների նախարարությունում հ/կ-ների հետ տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են 2017թ.-ին կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը միտված գործողություններն ու միջոցառումները։
Ըստ նրա՝ դրական են շահերի բախման, ունեցվածքի հայտարարագրման, անկախ բողոքարկման հանձնաժողովի աշխատանքի, փոխկապակցված անձանց իրական սեփականատերերի և այլ հայտարարությունները, որոնց մեխանիզմները ենթաօրենսդրական ակտերով կկարգավորվեն. «Բայց այդ ամենը, որ հայտարարվում է, թե պետք է լինի, փաստ է։ Մնում է տեսնենք, թե այդ ամենն ինչպես կյանքի կկոչվի»։
Վ.Հոկտանյանը նշեց, որ նախորդ բոլոր կառավարություններն էլ հայտարարել են հակակոռուպցիոն միջոցառումների մասին, և էական տարբերություն չկա. «Տարբերությունն այն կլինի, որ այդ հայտարարությունները, որ այս անգամ թղթի վրա ավելի խստացվել են, ինչը վիճարկելի չէ, կյանքի կոչվեն։ Խնդիրը կյանքի կոչելու մեջ է»։
Հարցին՝ արդյոք կա՞ն նախադրյալներ, որ դրանք կյանքի կկոչվեն, ԹԻ ղեկավարը պատասխանեց. «Բարդ հարց է, ես, ճիշտն ասած, գուշակություններ չեմ ուզում անել։ Եկեք սպասենք՝ ընտրություններն ավարտվեն, հետո տեսնենք՝ ինչ կլինի։ Առավել ևս, այս օրենքն ուժի մեջ է մտնելու ապրիլի 25-ից»։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում մինչ օրս էլ պետական գնումները հաճախ իրականացվում են առանց մրցույթի, «մեկ անձից», անգամ այնպիսի պարագաների դեպքում, ինչպես բլոկնոտներն ու մեդալների տուփերն են, Վ.Հոկտանյանը համաձայնեց, որ դա խոսում է հենց այն մասին, որ մինչև հիմա չի եղել քաղաքական կամք՝ հակակոռուպցիոն միջոցառումները նորմալ ձևով կյանքի կոչելու. «Հիմա կապրենք՝ կտեսնենք»։