
Ֆիննական ընկերությունը հողմային էներգիայով աշխատող ճամփորդանավ կգործարկի

Viking Grace ճամփորդական լաստանավը, որը միացնում է Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Տուրկուն (Ֆինլանդիա), կդառնա աշխարհում առաջին հիբրիդային մարդատար նավը, որը կօգտագործի քամու էներգիան հիմնական ուժային կայանքի հետ մեկտեղ: «Ինտերֆաքս»-ին հայտնել են Viking Line ընկերությունում:
Ֆինլանդիայի կոնցեռնը կդառնա առաջին ընկերությունը, որը Rotor Sail Solution տեխնոլոգիան կներդնի իր ճամփորդանավում: Այն մշակել է Norsepower ֆիննական ընկերությունը՝ ծովային ճյուղում էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումների առաջատարներից մեկը: Դրա հիմքում ընկած է այնպիսի սարք, ինչպիսին տուրբաառագաստն է կամ ռոտորային առագաստը:
Նախնական հետազոտությունները խոստանում են վառելիքի ծախսի եւ, հետեւաբար, շրջակա միջավայր վնասակար արտանետումների զգալի կրճատում: Տեխնոլոգիան արդեն ապացուցել է իր առեւտրային արդյունավետությունը բեռնատար նավերի շահագործմամբ: Viking Grace-ի վրա համակարգի ներդրման նախապատրաստումն արդեն սկսվել է եւ կավարտվի 2018 թվականին: