
Մուկուչյանը կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է ընտրությունների ուղիղ հեռարձակման հարցը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հունվարի 27-ին հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էր նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը:
Վերջինիս կողմից ներկայացվել է տեղեկատվություն` ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող, հատուկ ստեղծված կայքի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականացնող մասնագիտացված կազմակերպության` մրցութային կարգով անցկացված ընտրության վերաբերյալ. պարզաբանվել են գործընթացի հետ կապված առանձին գործառույթներ և հանգամանքներ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընտրական գործընթացներին առնչվող առանձին այլ իրավակարգավորումներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ներկայացված տեսակետները և մոտեցումներն իրենց արտահայտումը կստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում: