«Հունաստանը կողմ է հանդես եկել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ուղիղ երկխոսությանը». Տիգրան Սարգսյան

Հունաստանը կողմ է հանդես գալիս Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը առաջ տանել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ստեղծել ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ և հրավիրել բիզնես-համաժողով, որը կարող է կայանալ աշնանը:

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Աթենքում բանակցությունների արդյունքով հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Աթենքում Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրուգալոսի և Հունաստանի ԱԳՆ-ի` միջազգային տնտեսական կապերի հարցով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասի հետ:

«Ինձ համար հաճելի էր լսել պաշտոնական Հունաստանի դիրքորոշումը ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցերի վերաբերյալ։ Հունաստանը ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ուղիղ երկխոսության կողմնակից է, և Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը հնչեցվել է հանդիպումների ժամանակ, այն է, որ Հունաստանն այդ գիծը տանելու է ԵՄ-ում, որ անհրաժեշտ է ուղղակի կապ հաստատել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նաև հայտնել է, որ բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերաբերյալ։

«Ասել եմ, որ մեր դիրքորոշումն այն է, որ մենք քաղաքական կազմակերպություն չենք և մեր մանդատում չկան հարցեր, որոնք առնչվում են Ուկրաինայի հետ Ռուսաստանի հարաբերություններին, ինչը քննարկման առարկա է»,- ասել է Տ. Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս