Վիգեն Սարգսյանը՝մարտական դիրքում զինծառայողի մահվան և ինքնասպանությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ օրերս Տավուշում արձանագրված մահվան դեպքին։ Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, որ զինծառայողը ընտանիքի միակ երեխան էր և միակողմանի ծնողազուրկ, իսկ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքում, պաշտպանության նախարարն ասաց, որ իրեն զեկուցված նյութերից զորակոչի կանոնների խախտում չի արձանագրվում։

«Անկախ ամեն ինչից՝ ընտանեկան դիրքից, սոցիալական վիճակից, ցանկացած զինվորի խոցում, ցանկացած զինվորի մահ, ցանկացած դժբախտ պատահար, որ կարող է լինել, ինչպես նաև՝ ինքնասպանության հասցնելու հանցագործություն կամ ինքնասպանություն, մեզ համար չափազանց մտահոգիչ և միշտ շատ ծանր ընդունվող երևույթ և լուր է։ Ընտանիքը զավակին վստահել է բանակին, և անկախ պատճառներից, բոլոր հիմնավորումներից՝ բանակը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի պատասխանատու լինի զինվորի ծառայության պայմանների, հոգեկան վիճակի, անգամ նրա տրամադրության համար։

Դրա համար բազմաթիվ պատասխանատու ստորաբաժանումներ կան՝ սկսած անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունից՝ մինչև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գնդերեցներ, որոնք ծառայություն են իրականացնում մեր զինված ուժերում, մինչև բոլոր մակարդակի հրամանատարներ։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել և տարօրինակ կլինի, եթե մեր հայրենակիցները չհավատան ինձ, որ մենք յուրաքանչյուր դեպքում փորձում ենք մինչև վերջ հասկանալ դրդապատճառները, իրավիճակը և այլն։ Ինձ զեկուցած նյութերից զորակոչի որևէ խախտում չի ֆիքսվում։ Իհարկե, քննությունը շարունակվում է՝ և ծառայողական հետաքննությունը, և քրեական գործը, որը հարուցվում է այդ դեպքերում։ Եվ մենք միշտ հետամուտ ենք լինելու, հատ-հատ հետևելու ենք այս գործերին»,- ասաց Վիգեն Սարգսյանը։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ինքնասպանությունը «սահման չունի», ինքնասպանության խնդիրը գոյություն ունի ինչպես՝ զինված ուժերում, այնպես էլ՝ դրանից դուրս։

«Երբեմն մարդիկ գտնում են այդ ճանապարհը կամ մղվում են այդ ճանապարհին՝ որպես իրենց թվացյալ կամ իրական խնդիրների լուծում։ Մեզ համար դա հսկայական ցավ է, բայց ուսումնասիրելով տարիների վիճակագրությունը՝ ես մի բան եմ պարզ տեսել՝ զինված ուժերում նույն տարիքային խմբի տղամարդկանց մեջ ինքնասպանությունների թիվը գրեթե 4 անգամ պակաս է զինված ուժերից դուրս այդ երևույթի թվաքանակից։

Կարդացեք նաև

Իհարկե, դա ոչինչ չի արդարացնում և ոչինչ չի բացատրում։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք։ Բայց դա նշանակում է, որ զինված ուժերում, այնուամենայնիվ, այն գործառույթները, որ ես թվարկեցի՝ հրամանատարական վերահսկողություն, հոգեբանական, անձնակազմի հետ տարվող աշխատանք, որոշակի արդյունք տալիս է։ Իհարկե, փակ հասարակություն է, դժվար պայմաններ են, լարվածության մակարդակը, սթրեսը բարձր են, բայց տեսեք, դրան զուգահեռ՝ նույն տարիքային խմբի մեջ մենք ունենք շատ ավելի ցածր ցուցանիշներ։ Նորից եմ ասում՝ դա ոչ որևէ մեկի ողբերգությունն է թուլացնում, ոչ մեր մտահոգությունը, ոչ էլ հանգստացնում է մեզ։

Բայց թվեր իմանալը շատ կարևոր է։ Որպեսզի կարողանաս քաղաքականություն մշակել կամ խնդիր  լուծել, պիտի հասկանաս այդ խնդրի ծավալը, հարաբերակցությունն այդ խնդրի ավելի լայն պատկերի հետ։ Ես հեռու եմ այն մտքից, որ զինված ուժերը պետք է հասարակության հայելին լինեն, ինչ խնդիր կա հասարակությունում, նույնը լինի զինված ուժերում։ Ոչ, որովհետև մենք շատ ավելի կազմակերպված կառույց ենք, ունենք հրամանատարների մի ամբողջ համակարգ, Ռազմական ոստիկանություն, բազմաթիվ գործիքներ, որոնք մեզ օգնում են շատ ավելի հետևողական լինել այդ խնդիրների ուսումնասիրության ժամանակ։ Մենք պետք է լինենք ոչ թե հայելի, այլ հասարակության, քաղաքացու կերտման դպրոց և դարբնոց։ Եվ այդ ճանապարհին դեռ շատ անելիքներ ունենք»,- եզրափակեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս