Ով հաղթեց «գազային ճակատամարտում»

Շուրջ 1 տարի տևած բանակցություններից հետո այս տարվա հունվարի 11-ին հայտարարվեց, որ Վրաստանի կառավարությունն ու «Գազպրոմ» ընկերությունն ընդհանուր հայտարարի են եկել` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարի հարցում։

Հիշեցնենք, որ «Գազպրոմը» Վրաստանին գազի տարանցման համար վճարում էր ոչ թե ֆինանսական միջոցներով, այլ, այսպես ասենք, ապրանքային տարբերակով` մատակարարվող գազի 10%-ի չափով։ Ռուսաստանյան ընկերությունը ցանկանում էր հրաժարվել այդ տարբերակից և ամբողջությամբ անցնել ուղղակի ֆինանսական վճարումների մեխանիզմին։ Դեռ 2016թ. հունվարին «Գազպրոմ-Արմենիայի» այն ժամանակվա ղեկավար (ներկայիս` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ) Վարդան Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով տարանցման շուրջ բանակցություններին` ասել էր, որ վրացական տարանցման արժեքը` 10 տոկոսը, աշխարհում գործող ամենաթանկ գինն է։

«Այսօր «Գազպրոմի» համար ընդունելի չէ 10% վճարել միայն վրացական տարանցման համար, և դրա համար, իհարկե, պետք է բանակցություններ տարվեն։ Ի վերջո, այդ տարանցման համար վճարված արժեքը մտած է մեր սակագնի մեջ, և մեր սպառողները պիտի հասկանան` «Գազպրոմը», բանակցություններ վարելով, ուզում է հասնել նրան, որ տարանցման գումարը նվազի, որն ուղիղ ազդեցություն է ունենալու սահմանի գնի վրա»,- ասել էր Վարդան Հարությունյանը` ավելացնելով, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցմամբ «Գազպրոմի» համար ավելի շահեկան պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք վրացական կողմի հետ կարողանան ավելի ամուր դիրքերից բանակցել։

Նա նշել էր, որ ամենավատ տարբերակի` բանակցությունների փակուղի մտնելու դեպքում Ռուսաստանին տարբերակ չի մնա, քան իրանական ճանապարհով ՀՀ-ին գազ մատակարարելը, և, որ դա տեխնիկապես հնարավոր է։ «Արդյունքում վրացիները կտուժեն, քանի որ իրենց տարանցման գումարը չեն ստանա»,- ասել էր նա։ Այսինքն, ի սկզբանե այնպիսի տպավորություն էր, որ վրացիները «փախչելու» տեղ չունեն և ուզած-չուզած համաձայնելու են նոր պայմաններին։ Սակայն վրացիները դիմադրում էին. 2016-ի ընթացքում բանակցություններն ընթանում էին նախ` Միլանում, ապա` Մինսկում։

Մինչդեռ ընթացող բանակցություններին զուգահեռ` 2016թ. նոյեմբերի 1-ին «Գազպրոմ-Արմենիան» հայտարարեց, որ մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում սպառողներին վաճառվող գազի սակագների վերանայման հայտով։ Գազի սակագնի նվազեցման համար ընկերությունը նշում էր 4 գործոն, որոնցից մեկը Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցումն էր։

«Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին, և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր։ Հաշվի առնելով դա` ՀՀ կառավարությունը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ` բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով»,- նշվում էր ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը դիմեց, ՀԾԿՀ-ն նոր սակագները հաստատեց, որոնք հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել։ Այսինքն` բանակցությունները դեռ ընթանում էին, սակայն Վրաստանի տարածքով գազի տարանցման հնարավոր նվազեցումն ընդունվեց` որպես արդեն կատարված փաստ։ Հիմա բանակցություններն ավարտվել են։ Նշվում է, որ կնքվել է բոլոր կողմերի համար փոխշահավետ համաձայնություն։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 11-ին հայտարարեց, որ բանակցությունների մի քանի փուլերից հետո իրենց հաջողվել է ստանալ օպտիմալ առաջարկ։

«Այս համաձայնագրով Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի մեծանա։ Փոխվում է միան վճարումների ձևը։ Տարանցման դիմաց վճարած հումքին փոխարինելու են գալիս ֆինանսական միջոցները, ինչպես և ընդունված է միջազգային պրակտիկայում։ Պայմանագիրը կարճաժամկետ է, այն կնքվելու է միայն երկու տարով»,- հայտարարեց Կալաձեն։ Հունվարի 13-ին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը նույնպես պաշտոնական հաղորդագրություն տարածեց` նշելով, որ կողմերը պայմանավորվել են գազի տարանցման դիմաց անցնել դրամային վճարման ձևի։ «Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ռուսաստանյան կողմը երաշխավորում է վճարումը` Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող տարեկան 2-2.2 խմ գազի դիմաց»,- ասվում էր ընկերության հաղորդագրության մեջ։

Ո՛չ վրացական կողմը, ո՛չ «Գազպրոմ էքսպորտ»-ը չնշեցին, թե որքան է կազմելու տարանցման վճարը։ Իսկ հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով վրաց-ռուսական բանակցություններին` նշեց, որ տարանցման դիմաց վճարն արժեքով ավելի ցածր է, քան 10% գազը։ «Հետևաբար, այս տրանզիտի ժամանակ «Գազպրոմ» ընկերությունը որոշակի գումար շահում է, որը նախատեսված է եղել սակագնի նվազեցման մեջ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա Կալաձեի ոգևորվածությունը Վրաստանում ոչ բոլորը կիսեցին, որովհետև, թեպետ նշվում է փոխշահավետ գործարքի մասին, սակայն «Գազպրոմի» շահելն այս դեպքում ընկալվում է կորուստ` Վրաստանի համար։ Վրաստանում այս համաձայնագիրն արդեն անվանել են Վրաստանի «դավաճանություն» և «կապիտուլյացիա»։ Վրաց վերլուծաբանների համոզմամբ` «Գազպրոմի» հետ ուղղակի ֆինանսական կապերի հաստատումը լուրջ վտանգներ է պարունակում, և պաշտոնական Թբիլիսին պետք է աներ հնարավորը` «Գազ` տարանցման դիմաց» բանաձևը պահպանելու համար։

Ավելացնենք նաև, որ 2 օր առաջ Վրաստանի 80 հասարակական կազմակերպություններ նամակով դիմեցին Վրաստանի կառավարությանը` պահանջելով հրապարակել «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարման վերաբերյալ օրեր առաջ կնքված ռուս-վրացական պայմանագրի մանրամասները։

Վրաստանի հ/կ-ների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ պայմանագրում պարունակվում են ռիսկեր։ Ընդ որում, գազային համաձայնագրին դեմ է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Վերջինիս մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն լրագրողներին տեղեկացրել էր, որ Մարգվելաշվիլիի կարծիքով` այդ համաձայնագիրը վնասում է երկրին։

Այս ամենը հաշվի առնելով` թվում է, թե «Գազպրոմը» լիարժեք հաղթանակ տարավ, հասավ իր նպատակին. անցում կատարվեց դրամային վճարման, և այդ դրամային վճարման արժեքը գազի արժեքից ցածր է։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նույն հունվարի 13-ի ասուլիսի ընթացքում մի կարևոր «մանրուք» նշեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ։

«Ռուսաստանն ու Վրաստանը գազի տարանցման վերաբերյալ պայմանավորվել են հետևյալ կերպ։ Նախկին պայմանագիրը 10% ապրանքով էր։ Այժմ 1 մլրդ խմ-ն գործում է 10% ապրանքով, հաջորդ 1 մլրդ խմ-ի դիմաց գումար է տրամադրվում, որն իր արժեքով ավելի ցածր է, քան 10% գազը»,- ասաց նա։

Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում տարեկան միջինը 2 մլրդ խմ գազ։ Սա նշանակում է, որ «Գազպրոմն» իր նպատակին հասել է կիսով չափ, քանի որ այդ ծավալի կեսի համար դեռևս գործելու է ապրանքային տարբերակը. Վրաստանը ստանալու է իր 100 մլն խմ գազը։

Ավելին` «Գազպրոմն» իր նպատակին հասել է ոչ թե կիսով չափ, այլ ավելի քիչ` 30 կամ 40 տոկոսով` գազի ծավալների անկման պատճառով։

Այսպես, 2015-ին Ռուսաստանը Հայաստան է մատակարարել ուղիղ 2 մլրդ խմ գազ։ 2016 թվականի տարեկան ներկրման ծավալը դեռ չի հրապարակվել, սակայն հրապարակվել է հունվար-սեպտեմբերի ցուցանիշը` ՌԴ-ից ներկրված գազի ծավալը կազմել է 1.122 մլրդ խմ։ 2015-ի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել էր 1.373 մլրդ խմ։ Այսինքն, գազի ներկրման ծավալը նվազել է 18%-ով, ու եթե 2016թ. չորրորդ եռամսյակում պահպանվել է նույն տեմպը, ապա 2016-ին Ռուսաստանից ներկրվել է 1.6 մլրդ խմ-ից փոքր-ինչ ավելի ծավալի գազ։

Որևէ երաշխիք չկա, որ այս տարի գազի ներկրման ծավալները կվերականգնվեն և կհասնեն 2 մլրդ խմ-ի։ Ճիշտ է, «Գազպրոմ-Արմենիայի» կողմից սակագնի նվազեցման նպատակը հենց սպառումն ավելացնելն էր, սակայն հենց ինքը` Կարեն Կարապետյանը, վստահ չէ, որ գազի մատակարարն այդ նպատակին կհասնի։

««Գազպրոմի» ակնկալիքը ո՞րն է` նման սակագնային քաղաքականությամբ շուկայի ընդլայնման հնարավորություն ստեղծել, որի պարագայում ինքը կորուստ չունենա։ Եթե 1 տարվա մեջ դա չի կոմպենսացվում, ինքը համարձակ կգնա՞ այդ ճանապարհով` ցույց կտա այս տարին»,- ասել էր նա հունվարի 13-ի ասուլիսում։ Եթե 2017 թվականին Հայաստանը 2 մլրդ խմ-ից պակաս գազ ներկրի, կնշանակի` Վրաստանը տարանցման դիմաց վճարի մեծ մասը ստանալու է իր համար նախընտրելի` ապրանքային տեսքով։

Այնպես որ, «Գազպրոմի» լիակատար հաղթանակի մասին խոսելը չափազանցություն է, և գուցե ավելի ճիշտ կլինի խոսել Վրաստանի հաղթանակի մասին։

Հիմա եկեք ամփոփենք։ «Գազպրոմը» գազի նվազեցման համար 4 գործոն էր նշել`

1. Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում,
2. Սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ,
3. «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացում,
4. «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում` Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով։

4-րդը, ըստ էության, գործոն չէ. այն մնացած 3 գործոնների ձախողման ռիսկը ծածկել է նշանակում։ Առաջին գործոնը, ինչպես տեսանք, կիսով չափ է աշխատում։ Սպառման աճը (երկրորդ կետը) ավելի շատ հետևանք է, ոչ թե գործոն։ Ու եթե 2017-ին Հայաստանում գազի սպառման ծավալները չաճեն, հույսը մնալու է միայն ֆինանսական ծախսերի օպտիմալացումը։ Ու քանի որ դա բավարար չի լինելու վնասը ծածկելու համար, ռուսաստանյան «Գազպրոմը» ստիպված է լինելու ծածկել իր «դստեր» հսկայական վնասը։

Իսկ ինչպե՞ս ենք դուրս գալու այդ լավության տակից, ցույց կտա ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս