«Բանակցություններում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայաստանյան դիվանագիտության համար». Ալեքսանդր Ռար
«ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը հավասարակշռված էր»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ներթափանցման փորձի համար, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:
Հրադադարի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի պարտավորություններին, որոնք ուժի չկիրառման պատասխանատվություն են ստանձնել: Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ ուշադիր ուսումնասիրել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ հնարավոր ամենակարճ ժամկետներում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմը»,- նշել էին համանախագահները։
Ալեքսանդր Ռարը, մեկնաբանելով կարծիքները, թե հաղորդագրությունը միակողմանի բնույթ էր կրում, քանի որ ակնարկ էր պարունակում ուղղված Հայաստանին՝ ադրբեջանցի դիվերսանտի դին ադրբեջանական կողմին հանձնելու բովանդակությամբ, ասաց, որ ընդհանուր առմամբ պահված էր հավասարակշռությունը հաղորդագրության մեջ։ Ըստ նրա՝ ուղերձներ կային և Բաքվի, և Երևանի համար։
«Այս պահին Երևանը հնարավորություն ունի պնդել հետաքննական մեխանիզմների ներդրման հարցում, հաշվի առնելով Երևանին ուղղված համանախագահների հորդորը՝ վերադարձնել դիվերսանտի դին։ Չէ՞ որ հիմնավոր են նաև պնդումներն այն մասին, թե դիվերսանտն ինչպե՞ս է հայտնվել սահմանի այդ հատվածում։ Որևէ միջնորդ երկրի համար գաղտնիք չէ, թե որ կողմն է այս հակամարտությունում պահանջող և պատերազմով սպառնացող կողմը, սակայն, քանի դեռ փաստեր չկան, համանախագահները փորձում են խուսափել մեղադրական դիվանագիտական լեզվից, քանի որ դա կարող է էլ ավելի սրել իրավիճակը շփման գծում՝ առաջացնելով Բաքվի զայրույթը, որը կարող է արտահայտվել բանակցային գործընթացի վրա։
Հենց այդ խնդիրը լուծելու համար է ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկանում ներդնել այդ մեխանիզմները, որպեսզի միջադեպերին անդրադառնա այլևս հասցեական կերպով։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանն ու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարմանը, ուղղված էր Բաքվին, ինչը ակնհայտ է, և ինչը հաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր պատասխան մեկնաբանությամբ։ Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են»,- ասաց գերմանացի վերլուծաբանը։
Վերջինիս պնդմամբ, դիվանագիտական ներկայիս գործընթացը, այդ թվում՝ դեկտեմբերյան միջադեպը հայ-ադրբեջանական սահմանին, բարենպաստ պայմաններ է ստեղծել հայաստանյան դիվանագիտության համար։ «Հայկական կողմը պետք է պահանջի շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան Մինսկի խմբին էլ ավելի արդյունավետ աշխատել։ Հայաստանը կարող է մի փոքր ավելի «ագրեսիվ» աշխատել այս ուղղությամբ»,- ասաց նա։