Բաժիններ՝

Տեղական արտադրության մրգատեսակները թանկացել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-9.2%-ով:  Մայրաքաղաքում աճը կազմել է  3.1%:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի  խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: «Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Հիմնականում աճ արձանագրվել է տեղական արտադրության մրգատեսակների շուկայում, ինչը  պայմանավորված է բուսաբուծության 11.8 տոկոսով անկումով»,-ասաց Մարտիրոսյանը:

Մրգի ապրանքախմբում 2016 թ. դեկտեմբերին, 2015 թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է  17.0%, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ:

«2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարնջի՝ 26.9% գնաճ:  Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադամաթզինը՝ 4.9%-ով, չամչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ»,-ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում  2016 թ. դեկտեմբերին, 2015թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016 թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: «2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 18.2%-ով, սխտորինը՝ 1.9%-ով»,-հավելեց բանախոսը:

2016 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19.0-39.6%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 26.1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս