
Բոլոր ընտրական տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար մրցույթն արդեն հայտարարվել է

Խորհրդարանի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակում ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն արդեն մրցույթ է հայտարարել և ընդունվում են առաջարկներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Կա սահմանված ժամկետ, որի ավարտից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները, որից հետո արդեն պարզ կլինի, թե ով է իրականացնելու այդ գործառույթը»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Հարցին` կհերիքի ժամանակը տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար և հնարավո՞ր է, որ այդ դրույթը չիրագործվի, Մուկուչյանն ասաց, որ հարցի հասցեատերը ինքը չէ: «Ես ընդամենը փաստերն եմ ֆիքսում, որ հայտարարվել է մրցույթ, որի հիման վրա էլ հետագայում կկայացվեն որոշումներ»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին` եթե հանձնաժողովը տեխնիկապես չհասցնի իրականացնել տեսախցիկների տեղադրման վերաբերյալ դրույթը, օրենք թույլ տալի՞ս է այն չկիրառել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես կառաջարկեի սպասել մրցույթի ավարտին: Օրենքը նախատեսում է, որ պետք է լինի մրցույթ, որի արդյունքում պետք է լինի համապատասխան մասնագիտացված կազմակերպություն, որը կներկայացնի հայտ, կբավարարի մրցույթի պայմաններին և նշված կազմակերպության ընտրության դեպքում այն կիրականացնի այդ գործընթացը»: