«Իսլամական պետությունը կշարունակի իր ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում». թուրքագետ

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչպիսի Թուրքիայի հետ ենք գործ ունենալու այս տարի: «Թուրքիան փոխվում է, և այդ փոփոխությունները բավականին սրընթաց են տեղի ունենում: Փոփոխությունների կենտրոնում գտնվում է Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը, որը որպես քաղաքական գործիչ և որպես անհատականություն՝ շատ անկանխատեսելի է: Նախորդ տարի Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների կտրուկ աճ, ինչը պայմանավորված է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությամբ:

Այսինքն՝ տարիներ շարունակ Թուրքիան աջակցություն ցույց տվեց «Իսլամական պետությանը», ներգրավեց նրան ահաբեկչական գործունեության մեջ և վերջին մեկ տարվա ընթացքում փոխեց իր քաղաքականությունն այդ կազմակերպության նկատմամբ: Դա առաջացրեց «Իսլամական պետության» հակազդեցությունը: Կարելի է կանխատեսել, որ «Իսլամական պետությունը» կշարունակի իր ահաբեկչական գործունեությունը Թուրքիայում»,- հստակեցրեց թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի՝ հնարավոր է, որ Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ համագործակցում են «Իսլամական պետության» հետ. «Տարիներ շարունակ Թուրքիայի հատուկ ծառայությունները եղել են «Իսլամական պետության» հետ ամենասերտ համագործակցության մեջ, և կարելի է ենթադրել՝ այդ համագործակցության արդյունքն է նաև այն, որ Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ թույլ են տալիս, որ նման ահաբեկչական գործողություններ տեղի ունենան:

Փաստերը վկայում են, որ, օրինակ՝ «Ռեյնա» ակումբի ահաբեկչության դեպքում մեկ շաբաթ առաջ ստացվել է շատ հստակ տեղեկություն, որ պետք է հարձակում տեղի ունենա անհատ ահաբեկչի կողմից, և ոչ մի միջոց չի ձեռնարկվել»:

Թուրքագետի ընդհանուր մոտեցումն այն է, որ 2017-ին իրադրությունը Թուրքիայում ավելի է սրվելու:

Տեսանյութեր

Լրահոս